top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Թույլ չենք տա նոր ցեղասպանություն. Արմեն Սարգսյանը դիմել է հայությանը

Հզոր ու ամուր Սփյուռքն իսկական բանակ է, որը սատար է հայրենիքին ու քաջարի Հայոց բանակին այս դժվարին, ճակատագրական պահին։

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել աշխարհասփյուռ հայությանը։ Նա շնորհակալություն է հայտնել համերաշխության, միասնության համար, որ դրսևորեց Սփյուռքը` արձագանքելով Արցախում և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից համատեղ սանձազերծված պատերազմին։ Նախագահն ընդգծել է` հայրենիքը երախտապարտ է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին ակտիվ մասնակցուրթյան համար։ Նա նշել է` նույնիսկ հեռավորությունից հայրենիքը լսում և զգում է յուրաքանչյուրիդ խոսքն ու աջակցությունը։

«Ձեզնից յուրաքանչյուրն այսօր Հայաստանի և Արցախի դեսպանն է դրսում: Դուք բոլոր հնարավոր միջոցներով՝ հավաքներով, կոչերով, դիմումներով և ելույթներով ամեն ինչ անում եք ճշմարտությունը, Արցախի ձայնը հասցնելու միջազգային հանրությանը, այդ թվում՝ ձեր երկրների կառավարություններին՝ ներկայացնելու Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի սանձազերծված հարձակման անմարդկային էությունը»,– նշված է նախագահի ուղերձում։


Արմեն Սարգսյանը կոչ է արել բազմապատկել ջանքերը, որովհետև մեր ժողովրդի դեմ ելել է ոչ միայն Ադրբեջանը, այլև «ցեղասպան Թուրքիան՝ իր զենքով, զինվորականով ու վարձկան ահաբեկիչներով, իր հայատյաց խոսքով ու գործով»: Նա հիշեցրել է` սա այն նույն Թուրքիան է, որը 105 տարի առաջ ցեղասպանություն իրականացրեց։

«Այս անգամ դա չի անցնելու, մենք թույլ չե՛նք տա նոր ցեղասպանություն: Մեր համաշխարհային ազգը հզոր է իր միասնությամբ ու հավաքական ուժով։ Որևէ կասկած չկա, որ մենք հաղթելու ենք: Մենք անհաղթ ենք մեր ամենահաղթ միասնությամբ։ Հաղթանակը մերն է լինելու։

Աստված պահապան բոլորիս»,– եզրափակել է նախագահն իր ուղերձը:






0 comments

Comments


bottom of page