«Թումո»-ն ընդլայնվում է Երևանում. երեք նոր «Թումո տուփ» է բացվել Նոր Նորքում
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնվում է Երևանում. «Թումո Հայաստան» նախաձեռնության շրջանակում երեք «Թումո տուփ» է տեղադրվել Նոր Նորքում` Շոպրոնի 77 հասցեում` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում: Այստեղ հետագայում կկառուցվի Երևանի երկրորդ «Թումո» կենտրոնը, որը կունենա 6000 ուսանող ընդունելու հնարավորություն։
Ինչպես տեղեկացրին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից, Նոր Նորքի «Թումո» կենտրոնը կավելացնի մայրաքաղաքում ուսանողների թիվը՝ կրճատելով պատանիների՝ գրանցումից մինչև առաջին դաս սպասման ժամանակահատվածը։ Մինչ կենտրոնի կառուցումը այդ նպատակին կծառայեն նորաբաց տուփերը, որոնք այժմ ունեն 1200 ուսանող ընդունելու հնարավորություն։
«Ինչպես և Հայաստանի և Արցախի բոլոր «Թումո տուփերում», այնպես էլ այստեղ ուսանողները անցնելու են ինքնուսուցման փուլերը, իսկ դասընթացների հաճախելու են իրենց ամենամոտ «Թումո» կենտրոն, այս դեպքում` Հալաբյան 16 հասցեում գործող «Թումո Երևան»:
Թումոցիների համար դասերը տուփերում կանցկացվեն բնականոն թումոյական գրաֆիկով՝ 15:30-ից 21:30 աշխատանքային օրերին և 9:30-ից 21:30 շաբաթ և կիրակի օրերին։ Իսկ երկուշաբթիից ուրբաթ առավոտյան ժամերին տուփեր կհաճախեն ռազմական համալսարանի ուսանողները` ստանալու տեխնոլոգիական կրթություն հատուկ իրենց համար մշակված մոդուլով, որը միավորում է «Թումո»-ի ծրագիրը և համալսարանի տեխնոլոգիական կրթության բաղադրիչը։
«Թումո Երևան»-ի այն ուսանողները, որոնք բնակվում են Նոր Նորքում կամ հարակից վարչական շրջաններում և կցանկանան իրենց ինքնուսուցման սեսիաներին հաճախել արդեն Շոպրոնի 77 հասցեում գործող տուփեր, կարող են դիմել «Թումո Երևան»-ի տեղեկատու կամ զանգահարել 0101398413»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ «Թումո Հայաստան» նախաձեռնության միջոցով պլանավորվում է կառուցել 110 տուփերի և 16 կենտրոնների ցանց, որը «Թումո»-ի ծրագիրը հասանելի կդարձնի Հայաստանի և Արցախի բոլոր երիտասարդներին։
Komentarai