Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունն ուղղված չէ Կիևի դեմ. Իրանի ԱԳՆ

Մոսկվայի եւ Թեհրանի համագործակցությունը պաշտպանական ոլորտում ուղղված չէ որեւէ երրորդ պետության, մասնավորապես՝ Կիեւի դեմ, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ «Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունը հիմնված է ընդհանուր շահերի վրա, երկու երկրների պաշտպանական համագործակցությունն ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ»,- Քանաանիի խոսքերը մեջբերել է Fars գործակալությունը։ Նա մեկ անգամ եւս ընդգծել է, որ Թեհրանն ուկրաինական հակամարտության կողմ չէ եւ չի մասնակցում ռազմական գործողություններին։ «Այդ ճգնաժամի լուծումը քաղաքական երկխոսությունն է, որն անհրաժեշտ է խաղաղության հաստատման եւ պատերազմը դադարեցնելու համար։ Մենք շատ անգամ ասել ենք, որ ոչ զենք, ոչ էլ ռազմական օգնություն չենք տրամադրել այդ հակամարտության որեւէ կողմի»,- ավելացրել է իրանցի դիվանագետը։
Comments