Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին կանգնած հայկական բեռնատարներին կթույլատրվի շարունակել իրենց երթը. ՏԿԵՆ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները և Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը Թբիլիսիի շրջանցիկ ճանապահին հանդիպել են ՌԴ մեկնող հայկական բեռնատարների վարորդներին, որոնք Վերին Լարսի անցակետում կուտակումների պատճառով կանգնեցվել են շրջանցիկ ճանապարհին: Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։
«Հանդիպման ժամանակ վարորդների բարձրացրած հարցերն ու մտահոգություններն արձանագրվել են, և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ առկա տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին կանգնած բեռնատարներին սեղմ ժամկետում հաջորդաբար կթույլատրվի շարունակել իրենց երթը:
Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո ռուսական կողմից «Վերին Լարս» անցակետում վերահսկողության խստացումը հանգեցրել է նոր բազմակիլոմետրանոց հերթերի, քանի որ համապատասխան ծառայությունները շատ ավելի մանրակրկիտ ու երկար են ստուգում մեքենաները։
Նշենք նաև, որ այս ճանապարհը Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ուղին է։
Comments