top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Թայվանը կղզու հարավում հրետանային հրաձգությամբ զորավարժություններ է սկսել



Երեքշաբթի Թայվանի զինված ուժերը կղզու հարավային Փինդուն գավառում հրետանային մարտական հրաձգությամբ զորավարժություններ են սկսել։ Այս մասին տեղեկացրել է Թայվանի Ութերորդ բանակային կորպուսի ներկայացուցիչը։ Զորավարժությունները ներառում են 155 միլիմետրանոց ինքնագնաց հաուբիցների եւ 120 միլիմետրանոց ականանետերի գործադրում։ Դրանց նպատակն է՝ ստուգել հրետանու մարտունակությունը պայմանական հակառակորդի ներխուժումից պաշտպանվելու գործում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Սա պատասխանն է լայնամասշտաբ այն զորավարժությունների, որոնք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) սկսել է օգոստոսի 4-ին Թայվանի շուրջ։ Միեւնույն ժամանակ, թայվանյան լրատվամիջոցների տեղեկացմամբ, հրետանային զորավարժությունները նախատեսվել էին դեռեւս այդ իրադարձություններից առաջ։ Բացի այդ, սեպտեմբերի 5-ին Թայվանի բանակը մտադիր է Փինդունում իրականացնել ամենամյա զորավարժություններ դիպուկահարների, հատուկ նշանակության ուժերի, համազորային գումարտակների, «Ծխե ընձառյուծ» զրահամեքենաների եւ ականանետերի մասնակցությամբ։ Թայվանի կենտրոնական տեղեկատվական գործակալության հաղորդմամբ՝ զորավարժությունների ընթացքում գործի կդրվեն նաեւ AH-1W Super Cobra եւ AH-64 Apache հարվածային ուղղաթիռները։ ՉԺԱԲ-ը օգոստոսի 4-ին Թայվանի շուրջ վեց ջրավազաններում սկսել է լայնամասշտաբ զորավարժություններ՝ հրթիռային հրաձգությամբ։ Դրանք սկսվել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայբեյ այցի ավարտի հաջորդ օրը։ Այցն առաջ է բերել Պեկինի բուռն արձագանքը։ Թայվանը սեփական վարչակազմ ունի 1949-ից, երբ կղզի փախան Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի (1887-1975) գլխավորությամբ, Չինաստանում պարտվելով քաղաքացիական պատերազմում։ Այդ ժամանակվանից Թայբեյը պահպանում է դրոշը եւ նախկին Չինաստանի Հանրապետության (որը գոյություն ուներ մայրցամաքում մինչեւ կոմունիստների իշխանության գալը) մի քանի այլ ատրիբուտներ։ Համաձայն Պեկինի պաշտոնական դիրքորոշման, որը պաշտպանում է երկրների մեծ մասը, այդ թվում եւ Ռուսաստանը, Թայվանը Չինաստանի նահանգներից մեկն է։

0 comments

Comentarios


bottom of page