Search

Ընդլայնվել է պատվովճար ստացող մարզիկների ցանկը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2015 թ.-ին ընդունած «ՀՀ հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության, ինչպես նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող, ՀՀ–ում բնակվող ՀՀ և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների պատվովճարի վճարման կարգը և չափերը հաստատելու մասին» որոշման մեջ: Մասնավորապես, առաջարկվում է որոշումը լրացնել ՀՀ քաղաքացի հանդիսացող, ՀՀ-ում բնակվող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններին ու մրցանակակիրներին տրվող պատվովաճարների չափերով, որոնք նախկինում որպես լրավճարներ նախատեսված էին ՀՀ կառավարության 2015 թ. դեկտեմբերի 17-ի համապատասխան որոշմամբ՝ օլիմպիական խաղերի չեմպիոնների համար 100.000 դրամի չափով, որն այժմ առաջարկվում է դարձնել 200.000 ՀՀ դրամ: Առաջարկվում է օլիմպիական խաղերի 2-րդ և 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկների համար նախատեսել պատվովճարների վճարում, համապատասխանաբար՝ 140.000 և 100.000 ՀՀ դրամ, ինչը նախկինում նախատեսված չի եղել, ինչպես նաև պատվովճարի տրամադրում օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկին՝ նախկին 55.000 ՀՀ դրամի փոխարեն 100.000 ՀՀ դրամ: Ընդ որում նշված պատվովճարների վճարումը նախատեսվում է մարզիկներին տրամադրել ցմահ: Որոշմամբ նախատեսվում է նաև ամսական պատվովճարի տրամադրում, մասնավորապես, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններին, շախմատի համաշխարհային օլիմպիադայում 2-րդ և 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկներին, ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկներին:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia