Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրում. նախագծի հետ կապված ՔՊ-ն առարկություն ունի
Գործող կարգավորումների համաձայն ԱԺ արտահերթ նիստ կարող է գումարվել, եթե կա նախագիծ եւ դրա վերաբերյալ կա առնվազն 1/4 պատգամավորների պահանջ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Հիշում եք՝ նախկինում ՔՊ-ն ասում էր՝ նախագիծը նախապես մեզ էլ տրվի, մենք էլ դիտարկենք: Մենք նախագիծը ուղարկել ենք իրենց: Այն վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու, սադրիչ գործողությունների, Արցախը շրջափակելու, արցախահայությանը ցեղասպանական քաղաքականությամբ հայրենազկրմամբ ադրբեջանական վարքագիծը դատապարտելու, ինչպես նաեւ միջազգային հանրությանը կոչ ուղղելու ու նաեւ ռուս խաղաղապահ զորակազմին զորակցություն հայտնելու եւ նրանցից ավելի կոշտ արձագանք ակնկալելու մոտեցումներով: Առաջարկել էինք, որ այսօր 13.00-ին տեղի ունենա արտահերթ նիստը»,-ասաց Մինասյանը:
Նա նկատեց, որ ըստ կարգավորումների այն դեպքում, երբ 5 օրից շուտ ես պահանջում արտահերթ նիստ, ապա ԱԺ խորհուրդը պետք է որոշում կայացնի. «Մենք արդեն փոխանցել ենք միջնորդությունը, կարեւորելով հրատապությունը: Մեզ փոխանցված տեղեկատվությունը հետեւյալն է. այսօր ամենայն հավանականությամբ, ժամը 13-ին կգումարվի խորհրդի նիստ եւ մեկ ժամ հետո նաեւ արտահերթ նիստը: Այս պահին դեռեւս հստակություն չկա՝ իրենք ինչպիսի դիրքորոշում ունեն:
Երեկ մեր կողմից իրենց փոխանցված նախագիծը դիտարկվել է, եւ ներկայացվել է առաջարկություն, մասնավորապես այն դրույթի կապակցությամբ, որ մեր հայտարարության նախագծում հստկ ամրագրվում է, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ որ արցախահայության գոյության երաշխիքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Իրենք առարկություն ունեն այս պարբերության վերաբերյալ»,-ասաց նա՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ ՔՊ-ում չեն ուզում, որ Արցախի ինքնորոշման մասին խոսվի:
Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ եթե ՔՊ-ն իր նախագիծը ներկայացվի, տեղի ունենա արտահերթ նիստ մեկ օրակարգով, բայց երկու նախագծով:
Comments