top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Էկվադորի նոր դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին


Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Էկվադորի Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Ֆեռնանդո Օլգին Ֆլորեսը (նստավայրը ք. Մոսկվա): ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Էկվադորի դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության գործում: Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Էկվադորի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի շահագրգռվածությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Էկվադորի նորանշանակ դեսպանն իր խոսքում նշել է, որ կներդնի իր ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Զրուցակիցներն ընդգծել են, որ այս տարի Հայաստանն ու Էկվադորը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչը լավ առիթ է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու համար՝ ի թիվս այլոց երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի սերտացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության զարգացման առնչությամբ։ ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձ է կատարել 44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։ Ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ առկա զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումները։

0 comments

Comments


bottom of page