Search

Էկոնոմիկայի նախարարությունը նոր տնտեսական քաղաքականություն է մշակում. Վահան Քերոբյան


ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 24-ին այցելել է ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ: Նախարարը ինստիտուտի տնօրենի՝ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի և նախարարության աշխատակիցների հետ շրջել է ինստիտուտի տարածքում, ծանոթացել աշխատակիցների հետ, ապա տնօրենի աշխատասենյակում կարճատև զրույց ունեցել հնարավոր համագործակցության վերաբերյալ։

Այնուհետև տեղի է ունեցել քննարկում ինստիտուտի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ ԳԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր Յուրի Սուվարյանը։

Վլադիմիր Հարությունյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել նախարարին այցի համար, ապա ներկայացրել ինստիտուտի գործունեությունը և նախատեսվող ծրագրերը։

«Հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումը նոր մեկնարկ կլինի գիտական հանրության և տնտեսության պետական կառավարման գերատեսչության միջև համագործակցության համար: Հանրապետության արդի կացությունը ենթադրում է նոր մոտեցումներ հատկապես տնտեսության ոլորտում և հուսով եմ, որ կարդարացնենք Ձեր սպասելիքներն ու ակնկալիքները և համատեղ կհասնենք նպատակների իրականացմանը ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման: Ուզում եմ հատուկ նաև նշել, որ չնայած կառավարության ներկայացուցիչների հետ տարբեր ձևաչափերով բազմաթիվ հանդիպումների, սա առաջին դեպքն է, երբ նախարարն անձամբ է այցելում տնտեսագիտության ինստիտուտ, ինչը միաժամանակ և՛ հաճելի է և՛ պարտավորեցնող», - նշել է նա:

Անդրադառնալով ինստիտուտի գործունեությանը, Վ․ Հարությունյանը նշել է, որ ինստիտուտի գիտական թեմատիկան բխել է կառավարության գործունեության ծրագրից, արդյունքները ներկայացվել են կառավարությանը և շահագրգիռ այլ մարմիններին, ինչպես նաև գիտական հանրությանը: Նշվել է նաև, որ տարբեր գերատեսչությունների խնդրանքով իրականացրվել են հետազոտություններ, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն է ներկայացվել ինստիտուտի փորձագիտական կարծիքը գործարար միջավայրի բարելավման 2019-2024 թթ. ռազմավարության վերաբերյալ։

Ինստիտուտի տնօրենը նշել է, որ 1955 թվականին հիմնադրված ինստիտուտը դեռևս խորհրդային տարիներից լուրջ ներդրումներ և դերակատարություն է ունեցել երկրի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հետազոտության, պետական կառավարման նոր սկզբունքներին համահունչ կադրային բանկի ձևավորման գործում․ինստիտուտի գիտաշխատողներ են եղել շատ հայտնի գործիչներ:

Նախարար Քերոբյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրել է հանդիպման նպատակը և ակնկալիքները․ «Այստեղ ենք՝ հասկանալու, մտքեր փոխանակելու, թե ինչպես կարող ենք համագործակցել և ինչ արդյունքներ կարող ենք ունենալ, ինչպես կարող ենք համատեղել մեր ջանքերը` երկրի տնտեսությունը արագ վերականգնելու և հզորացնելու, որովհետև, եթե ուզում ենք ապրել այս տարածաշրջանում որպես անկախ պետություն, ապա չենք կարող չունենալ հզոր տնտեսություն, իսկ դա առանց ուժեղ գիտելիքի չի կարող լինել: Գիտելիքահեն տնտեսությունն ուղղակի այլընտրանք չունեցող ճանապարհ է․մենք չենք ուզում առանց գիտության առաջ գնալ, հակառակը՝ պատրաստվում ենք գիտական ամբողջ համայնքի ներուժն օգտագործել, զարգացնել, հզորացնել և միասին առաջ գնալ։ Մենք պետք է ուժեղացնենք մեր գիտական ինստիտուտները, ուժեղացնելով գիտությունը, մենք ուժեղացնում ենք մեր երկիրը», - ասել է Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը նոր տնտեսական քաղաքականություն է մշակում, որտեղ գիտելիքի և գիտության շեշտադրումը շատ վառ արտահայտված է և հավելել, որ ցանկալի կլինի ունենալ ինստիտուտի կարծիքը և դիտարկումները։

Վահան Քերոբյանը հայտնել է, որ նախարարությունը նախաձեռնել է մասնավոր հատվածից, բիզնեսներից ասպիրանտական ուսումնասիրությունների, հետազոտությունների պատվերների հավաքագրումը և արդեն իսկ կա բավականին մեծ հետաքրքրվածություն։

Նշելով, որ առանց գիտության առաջ գնալը բոլոր ոլորտներում շատ դժվար կլինի, Յուրի Սուվարյանը ողջունել է նախարարի և նախարարության նախաձեռնությունը այս հանդիպումը կազմակերպելու առումով և ավելացրել․«Ինստիտուտը երկարամյա հետազոտական փորձ ունի և նախկինում էլ կաևոր դեր է խաղացել տնտեսական քաղաքականություն մշակելու ասպարեզում, հիմա էլ ինստիտուտում կան լավ մասնագետներ՝ խորացած տարբեր ոլորտներում և նախարարության կողմից ցանկացած պատվերի դեպքում ինստիտուտը կարող է գիտական մշակումների միջոցներով ներկայացնել խնդիրների լուծման ճանապարհները: Կարծում եմ, որ համատեղ աշխատանքը երկուստեք շատ օգտավետ կարող է լինել․ինստիտուտը կունենա ակտուալ թեմաներով զբաղվելու հնարավորություն, իսկ էկոնոմիկայի նախարարությունը կկատարի մեր երկրի զարգացման, մեր երկրի տնտեսական քաղաքականության մշակման մեջ որոշակի ներդրում»:

Ինստիտուտի աշխատակիցները հանդես են եկել գիտագործնական ելույթներով՝ Հայաստանի տնտեսության զարգացման տեսլականի վերաբերյալ, ներկայացրել ինստիտուտի գիտական ներուժը և հիմնական ձեռքբերումները, միջազգային համագործակցությունը, կատարված աշխատանքները և 2021թ․ համար նախատեսված հիմնական ուղղությունները։

Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր և բովանդակալից քննարկման համար՝ համոզմունք հայտնելով, որ գիտական հանրություն-նախարարություն կապը կխորանա և համատեղ աշխատանքով հնարավոր կլինի ստանալ առավելագույն արդյունքներ։

ԱԴԾ-ն հայտարարել է Մինսկում ռազմական հեղաշրջումը խափանելու մասին

Վաշինգտոն նահանգը 2030 թվականից կարգելի բենզինով մեքենաները

4 կուսակցություններ հայտարարություն են տարածել

Բայդենը փախստականների համար ներգաղթի քվոտաներ է սահմանել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Վարդան Գրեգորյանի մահվան առիթով

Բայդենը և Յոշիհիդե Սուգան պայմանավորվել են համատեղ աշխատել 5G-ի ուղղությամբ

Ապրիլի 19-ին կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: