Search

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել կանադացի իր գործընկերոջ հետ


ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել  Կանադայի ԱԳ նախարարի հետ: «Հունիսի 12-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ կանադացի իր գործընկերոջ՝  Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ: ԱԳ նախարարները քննարկեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում՝ ընդգծելով դրա հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության և միասնական ջանքերի գործադրման կարևորությունը: Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում նախարար Մնացականյանը բարձր գնահատեց միջազգային գործընկերների պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին և հայ ժողովրդին: Նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ գոհունակություն հայտնելով տարբեր մակարդակներով հաստատված երկխոսության կապակցությամբ: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել հայ-կանադական հարաբերությունների դրական դինամիկայի պահպանման և համագործակցության նոր ոլորտների ներառման ուղղությամբ: Այս առնչությամբ մտքեր փոխանակվեցին ստեղծագործ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ագրոբիզնեսի, սննդի անվտանգության ապահովման և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ: Զրուցակիցներն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության վրա հիմնված արդյունավետ փոխգործակցությանը և դրա ընդլայնման հեռանկարներին: Զոհրաբ Մնացականյանը Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնին ներկայացրեց ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և բարձր գնահատեց կանանց իրավունքների և «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի կյանքի կոչման, ինչպես նաև զինված հակամարտություններում երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Կանադայի ջանքերը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նաև անդրադարձավ ցեղասպանության կանխարգելման օրակարգի խթանման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերին՝ բարձր գնահատելով այդ ուղղությամբ կանադական կողմի հետ հաստատված սերտ համագործակցությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկեցին նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցեր»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia