Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «France 24» լրատվամիջոցին (տեսանյութ)
- Anews
- Jul 21, 2020
- 1 min read

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «France 24» լրատվամիջոցին:
Նա անդրադարձել է վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումներին:
«Մենք վճռական ենք եղել մեր պաշտպանությունում։ Մենք նաև շատ սերտ համագործակցել ենք մեր գործընկերների հետ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ և Ռուսաստանի հետ՝ մարտական գործողությունները դադարեցնելու և հրադադարը վերականգնելու ուղղությամբ։ Այն, ինչ տեղի ունեցավ, ըստ էության, վերջին շաբաթների և ամիսների ընթացքում Ադրբեջանում մեծ ինտենսիվություն ստացած ռազմատենչ և ատելության հռետորաբանության դրսևորում էր։ Ըստ երևույթին, նրանք փորձարկում էին Հայաստանի վճռականությունն ու կարողությունները Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս։ Եվ սա, իրապես, շատ վտանգավոր զարգացում էր: Առայժմ մեզ հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը: Հինգշաբթի օրը ևս մեկ անգամ համանախագահների՝ ՌԴ համանախագահի հետ և մյուս գործընկերների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների հետ սերտ համակարգմամբ կարողացանք վերականգնել հրադադարը: Սա կրկին փխրուն իրավիճակ է: Առայժմ այն պահպանվում է, և մեր նպատակն է ապահովել հրադադարի կայուն վերականգնումը: Փաստացի նաև ձեռնարկել հատուկ միջոցներ՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմը և բացառելու սահմանի երկայնքով, ինչպես նաև Արցախի հետ շփման գծում հանդարտությանը սպառնացող մարտահրավերները: Սա, իհարկե, մեր կարևոր առաջնահերթությունն է»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով Մեծամորի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի հայտարարությանը՝ Մնացականն ասել է. «Սա ավելի լայն տարածաշրջանին ուղղված սպառնալիքի, անպատասխանատվության ցայտուն դրսևորում է, փաստացի սպառնալիք նաև սեփական ժողովրդի հանդեպ: Սա շատ մտահոգիչ է և ի ցույց է դնում բանականության ճգնաժամը: Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Բաքվում գան ողջամտության դաշտ»:
Նա հայտնել է, որ խնդրի հանգուցալուծման համար պատերազմը տարբերակ չէ, և այն պետք է ամբողջությամբ բացառվի։
Մանրամասները՝ տեսանյութում:
תגובות