top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Զելենսկին դիմել է G20-ի առաջնորդներին. եկել է ժամանակը, երբ Ռուսաստանի պատերազմը պետք է կանգնեցվի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է G20-ի առաջնորդներին, որոնց գագաթաժողովը տեղի է ունենում Ինդոնեզիայում։

Եկել է ժամանակը, երբ ՌԴ-ի պատերազմն Ուկրաինայի դեմ կարելի է կանգնեցնել, ասել է Ուկրաինայի նախագահը «Մեծ քսանյակի» առաջնորդներին հղած իր տեսաուղերձում, գրել է The Guardian-ը։

«Մենք թույլ չենք տա Ռուսաստանին սպասել եւ հավաքել ուժերը... Ես համոզված եմ, որ հիմա եկել է ժամանակը, երբ Ռուսաստանի պատերազմը պետք է եւ կարող է կանգնեցվել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին ընդգծել է, որ ՌԴ-ն պատերազմն ավարտելու համար պետք է դուրս բերի իր օկուպացիոն զորքերը, փոխհատուցում վճարի ուկրաինական պետությանը հասցրած վնասների համար եւ հաստատի այդ երկրի տարածքային ամբողջականությունը։

Նախագահը նաեւ կոչ է արել միջազգային համաժողով հրավիրել՝ «անվտանգության հետպատերազմյան ճարտարապետության կարեւոր տարրի ամրապնդման» եւ Ռուսաստանի կողմից ագրեսիայի կրկնությունը կանխելու համար։

Հիշեցնենք, որ «Մեծ քսանյակի» գագաթաժողովը տեղի է ունենում ինդոնեզական Բալի կղզում, միջոցառումն սկսվել է նոյեմբերի 15-ին եւ պետք է ավարտվի նոյեմբերի 16-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթաժողովին չի մեկնել։ Գագաթաժողովին մասնակցելու է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

0 comments

Comments


bottom of page