Զասը Մինսկում քննարկել է Բաքվի եւ Երեւանի հակամարտությունը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, որ երեքշաբթի Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է կազմակերպության հնարավոր քայլերը՝ ադրբեջանա-հայկական սահմանին իրադրության կայունացման համար, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Խոսակցությունը նախեւառաջ վերաբերել է ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտում տիրող իրավիճակին։ Երկրի ղեկավարին ավելի մանրամասն տեղեկացրել եմ ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքների մասին, որը Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությամբ աշխատել է Հայաստանում։ Պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովում, որը անցած շաբաթ անցկացվել էր առցանց, քննարկվել են առաքելության արդյունքների հիման վրա առաջարկները։ Խոսակցությունն ավարտված չէ, այժմ շարունակվում է այդ առաջարկների մշակումը։ Այս թեման քննարկվելու է նաեւ առաջիկա Հավաքական անվտանգության խորհրդին (նախատեսված է նոյեմբերին-խմբ․)», - Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Զասը։ Նրա խոսքով, զգալի ուշադրություն է դարձվել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին եւ ՀԱՊԿ-ի հնարավոր քայլերին՝ ի շահ իրադրության կայունացման եւ խաղաղության համաձայնագրերի կնքման։
Comments