Search

Երևանում 99 համարի երթուղային տաքսու վթարի հարցով մերժվել է քրեական գործի հարուցումը


Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի ունեցած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի և թիվ 99 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսի ավտովթարի վերաբերյալ նախապատրաստված նյութերով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Նման որոշում կայացվել է՝ նկատի ունենալով, որ ավտովթարի հետևանքով 7 քաղաքացիների ստացած մարմնական վնասվածքները, ըստ ստացված դատաբժշկական եզրակացության, եղել են թեթև, կամ թեթևի հատկանիշներ չպարունակող, այսինքն` քրեաիրավական հետևանքներ չեն առաջացրել։ Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, սակայն, որ երթուղի իրականացնող միկրոավտոբուսի վարորդը դեպքի պահին ավտոմեքենան վարել է ալկոհոլային հարբածության վիճակում»,- գրել է Աբրահամյանը:

Գլխավոր դատախազի խորհրդականը նշել է նաև, որ վարորդի վարորդական իրավունքի վկայականի ժամկետը լրացված է եղել և օրենքով սահմանված կարգով չի երկարացվել:

«Այսինքն` հաստատվել է, որ հանրային տրանսպորտային միջոց վարող անձը տվյալ պահին չի ունեցել վավեր վարորդական իրավունքի վկայական, հետևաբար նաև այդպիսի իրավունք, բացի այդ՝ մեծ թվով անձանց հանրային տրանսպորտով տեղափոխել է ալկոհոլային ծանր հարբածության վիճակում, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Այս փաստերի կապակցությամբ արդեն ՀՀ Ոստիկանության ՃՈ ծառայությունում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում կլուծվի անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- նշել է Գլխավոր դատախազի խորհրդականը:

Գոռ Աբրահամյանի խոսքով` այն հանգամանքը, որ երթուղային տաքսի վարող անձը վարորդական իրավունքի վավեր վկայական չի ունեցել, առերևույթ վկայում է նաև երթուղին սպասարկող կազմակերպության ծառայողների կամ վերջինիս գործունեության նկատմամբ վերահսկողական լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների կատարման մեջ թերանալու, ոչ պատշաճ կատարելու մասին։

«Հաշվի առնելով այս հանգամանքները՝ հանցագործության պատճառների և նպաստող պայմանների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու դատախազական լիազորության շրջանակում Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդագիր է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Միջնորդագրով բարձրացվել է տրանսպորտային սպասարկման ոլորտում վերահսկողական լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց կողմից համապատասխան մեխանիզմներն առավել արդյունավետ և հետևողական գործադրելու, վարորդական իրավունքի վկայական չունեցող, դրա գործողության կասեցված կամ ժամկետը լրացած անձանց կողմից հանրային տրանսպորտի շահագործումը, ինչպես նաև ոչ սթափ վիճակում այն վարելը, երթուղի իրականացնելու դեպքերը բացառելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու և իրականացված միջոցառումների արդյունքների մասին Երևան քաղաքի դատախազությանը հայտնելու խնդիրը»,- գրել է Աբրահամյանը:

Երևանի Իսակով պողոտայում փետրվարի 5-ին ժամը 08:50-ի սահմաններում  99 համարի երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը բախվել է «Հոնդա»-ին, այնուհետև ծառին:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia