Search

Երևանում մարտից չգործող մանկապարտեզներից մեկի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել


Երևանի թիվ 49 մանկապարտեզի անձնակազմի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Այս մասին ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Տեղեկությունը հաստատում եմ և, չի բացառվում, որ անձնակազմից որևէ մեկը հաստատված դեպքի հետ կոնտակտավոր լինի։ Վստահաբար բացառում ենք երեխաների հետ շփումը, քանի որ, մանկապարտեզը չի գործել 2020 թվականի մարտ ամսից և մայիսի 20-ից չի բացվել»,- նշել է Կարապետյանը։

Մայիսի 20-ից բացվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող որոշ մանկապարտեզներ, որտեղ, պատասխանատուների հավաստմամբ, խստորեն պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները։

Երեխաներին մանկապարտեզ տանելու համար առաջնահերթություն է տրվել այն ծնողներին, ովքեր գործնականում չեն կարողանում ապահովել երեխաների խնամքը տանը՝ կապված իրենց աշխատանքի հետ, որը հնարավոր չէ իրականացնել հեռավար կերպով։ 

Մանկապարտեզներին մեկ ամսվա համար տրամադրվել է 160 հազար և ավելի դիմակ ու մի քանի հազար լիտր ալկոգել, սնունդը մատակարարվում է հատուկ եղանակով՝ նոր փաթեթավորմամբ։ 

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia