Search

Երևանում, Արցախում և Գյումրիում կանցկացվի «Մանսուրյան - 80» համերգաշարը

Նրա երաժշտությունը ծնվում է լռությունից, լռության ու աղմուկի պայքարից: 2019-ը հոբելյանական- մշակութային է ու մանսուրյանական։ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն 80 տարեկան է: «Երբ քննարկում էինք, մաեստրոն չէր ուզում ֆիլմեր իր մասին կամ որևէ այլ ձևափաչ, քան համերգներն են»,- նշում է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ու կառավարության աջակցությամբ մանսուրյանական տարում հայ հանդիսատեսը կունենա բացառիկ հնարավորություն՝ մասնակից դառնալու մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի։ «Քաղաքն այդքան բյուջե չուներ, և քաղաքապետը դիմեց կառավարություն: Ծրագիրը դառնալու է տարվա մշակութային զարկերակը»,- ասում է Տիգրան Վիրաբյանը: «Քաղաքապետարանի առաջարկից ոգևորված էինք, և սա մի նշանակալի ազդակ է, որ կարող է ունենալ շարունակություն»,- նշում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: «Մանսուրյան-80» երաժշտական փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ Արցախի «Վերածննդի» հրապարակում: Բացօթյա համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Մանսուրյանի կինոմեղեդիները։ Կոմպոզիտորի հայտնի ստեղծագործություններն առաջին անգամ կհնչեն նոր գործիքավորմամբ։ «Իմ երաժշտությունների մի մասի նոտաները չկան անգամ իմ գրադարանում: Դրանք ժամանակին հանձնել եմ Մոսկվայի կինոմատոգրաֆիստների միություն: Այժմ մեծ աշխատանք է տարվել» ,- պատմում է Տիգրան Մանսուրյանը: «Մանսուրյան-80» համերգաշարի 5 համերգների ընթացքում կհնչեն մաեստրոյի կինոերաժշտությունը, նաև սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ։ Սեպտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կթևածի մաեստրոյի երաժշտությունը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Սարյանի անվան լարային քառյակը, դաշնակահարներ Պավել Դոմբրովսկին, Իզաբելլա Մելքոնյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին և սոպրանո Աննա Ավդալյանը։ Սեպտեմբերի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Տիգրան Մանսուրյանի գործիքային կոնցերտները։ Սեպտեմբերի 6-ին երևանյան համերգին սիմֆոնիկ նվագախումբն օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Մանսուրյանի կինոերաժշտությամբ։ Համերգների մուտքը կլինի տոմսերով, և բոլոր երաժշտասերները հնարավորություն կունենան համերգաշարի մասնակից դառնալ։ «Այսչափ հոգածություն ես երբևէ չեմ զգացել, ինչի համար իսկապես շնորհակալ եմ»,-ասում է մաեստրոն: Փառատոնը կեզրափակվի Գյումրիում, սեպտեմբերի 13-ին՝ «Սև բերդ» հուշարձանում։ Մաեստրոյի հոբելյանին նվիրված ծրագրի շրջանակում կթողարկվեն սահմանափակ թվով արծաթյա հուշանվերներ։ Դրանք հատուկ համերգաշարին մասնակցելու նպատակով Երևան ժամանող հյուրերին տարիներ անց կհիշեցնեն երաժշտական բացառիկ օրերի մասին։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia