Երևանի ավագանու 5 անդամ կամավոր մեկնել են Արցախ
Երևանի ավագանու անդամներից «Իմ Քայլը» խմբակցության հինգ կամավորներ մեկնել են առաջնագիծ: Տեղեկությունը հրապարակված է խմբակցության Facebook–ի պաշտոնական էջում։
Ըստ հաղորդագրության` Արցախ մեկնած ավագանու անդամներն են Արսեն Կարապետյանը, Վազգեն Դարբինյանը, Ասքանազ Աբրահամյանը, Էռնեստ Ավանեսովն ու Պավել Սարգսյանը։
«Բոլորիս մաղթում ենք համբերություն և ուժ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ կամավոր առաջնագիծ են մեկնել նաև նախարարների որդիները։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։
Comments