Երեքշաբթի օրը հայտարարում ենք մեր պայքարի ամենավճռական օրը. Իշխան Սաղաթելյան

Երեքշաբթի օրը՝ ժամը 12։00-ից սկսած Հայաստանում հայտարարվում է գործադուլ, դասադուլ եւ անհնազանդության ակցիաներ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ավարտին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Ժամը 12։00-ին բոլորս հավաքվում ենք Հանրապետության հրապարակում։ Ամբողջ երկիրը պետք է պարալիզացվի, որպեսզի այս խրտվիլակը րոպե առաջ հեռանա։ Երեքշաբթի օրը հայտարարում ենք մեր պայքարի ամենավճռական օրը։ Երեքշաբթի օրը ՀՀ քաղաքացին պետք է մոռանա իր առօրյան, ինքը չի կարող անտարբեր վեր կենալ եւ գնալ աշխատանքի, գնումների։ Եթե այս ժամանակահատվածը ձգվի Նիկոլ Փաշինյանի ուզածով 2-3 ամիս, մենք այս հրապարակն էլ ենք կորցնելու։ Երեքշաբթի օրը հայտարարում ենք համահայաստանյան գործադուլ, դասադուլ եւ ՀՀ տարածքում անհնազանդության բողոքի զանգվածային ակցիաներ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանը նշեց, որ իրենց ծրագիրը մնում է շարունակական. «Վաղվա մեր երթը Հալաբյան փողոցից Թումոյի այգու մոտ կրկին շարունակվելու է դեպի Կենտրոն»։
Իշխան Սաղաթելյանը դիմեց նաեւ սփյուռքի հայրենակիցներին՝ ոտքի կանգնելու եւ բարձրացնելու իրենց բողոքի ձայնը։