Եվրահանձնաժողովի ղեկավարն ազդարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթում Եվրահանձնաժողովը մշակել է միջոցներ, որոնք կբացառեն դրանք շրջանցելու «սողանցքները», ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ «Մենք մշակել ենք պատժամիջոցների ութ փաթեթ եւ յուրաքանչյուրի օրինակով սովորել, թե ինչպես փակենք դրանցից շեղվելու «սողանցքները»։ Մենք հիմա հերթական փաթեթն ենք ազդարարում, որով նախատեսվում են միջոցներ, թե ինչպես անհնար դարձնենք այդ շրջանցումները»,- տեղեկացրել է նա Տալլինում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ բոլոր քաղքացիները կամ կազմակերպությունները, որոնք կբռնվեն Ռուսաստան արգելված ապրանքներ հասցնելու մեջ, «կներառվեն մեր ցուցակում, եւ սա զսպման շատ կարեւոր գործոն է, մենք չենք ցանկանում, որպեսզի երրորդ պետություններն օգտագործվեն որպես «սողանցքներ» մեր պատժամիջոցների դեմ»։ Ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրամիության մտցրած արտահանման արգելքները «շատ ուժեղ ազդեցություն են ունեցել Ռուսաստանի տնտեսության վրա»։ «Օրինակ, դանդաղել է բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտադրությունը, ազդեցություն է եղել ռազմական տեխնոլոգիայի համալիրների վրա, ինչն էլ մեր նպատակն է։ Դա վերաբերում է նաեւ ավտոմեքենաների արտադրությանը, որը գրեթե կանգնել է»,- նշել է նա։ Նա խոստացել է, որ առաջիկա երկու շաբաթներին «մենք հանձնաժողովում կառաջարկենք, թե ինչպես վերահսկողության տակ պահենք գազի եւ էլեկտրաէներգիայի գները»։ «Նպատակը նախկինի պես այն է, որպեսզի խուսափենք ռուսական շանտաժից»,- ավելացրել է ֆոն դեր Լյայենը։ Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Ռուսաստանի ղեկավարության «էներգետիկ պատերազմից» «Եվրոպայի քաղաքացիներին պաշտպանելու» անհրաժեշտության մասին, ինչի հետեւանքով բարձրացել են էներգակիրների գները։ Նա նաեւ ընդգծել է, որ «Եվրամիությունը, Միացյալ Նահանգների հետ միասին, պատերազմի սկզբից Ուկրաինայի ամենամեծ կողմնակիցն է» եւ խոստացել է ապահովել Ուկրաինայի կայուն ֆինանսավորումն առաջիկա ամիսներին։ Ֆոն դեր Լյայենը խոսել է նաեւ Եվրամիության սահմանների խիստ վերահսկողություն սահմանելու մասին. «Ուստի, Եվրահանձնաժողովը ցուցում է տվել անդամ պետություններին խստացնել երկրների սահմանային վերահսկողությունը»։ «Մենք պետք է նաեւ պաշտպանենք կրիտիկական կարեւոր ենթակառուցվածքը։ Մենք պետք է պատրաստ լինենք նաեւ այլ դեպքերի, ինչպիսին էր, օրինակ, «Հյուսիսային հոսքինը»,- ասել է նա։
Comentarios