Եվրախորհրդարանը կոռուպցիայի պատճառով երկու պատգամավորների զրկել է անձեռնմխելիությունից
Եվրախորհրդարանը զրկել է անձեռնմխելիությունից իր պատգամավորների երկուսին՝ Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ կապված կոռուպցիայի մեղադրանքների պատճառով: Նման որոշում ընդունվել է այսօր Բրյուսելում Եվրախորհրդարանի նստաշրջանում՝ Ուկրաինայի աջակցության հերթական բանաձևի ընդունման հետ միաժամանակ։
Որոշումն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: Անձեռնմխելիությունից զրկվել են բելգիացի եվրապատգամավոր Մարկ Տարաբելլան և իտալացի Անդրեա Կոցոլինոն։ Ավելի վաղ նրանք հեռացվել էին սոցիալիստների խմբակցությունից։ Երկու պատգամավորներն էլ ժխտում են իրենց առնչությունը կոռուպցիոն սկանդալին։
Կոռուպցիոն սկանդալը կապված է Եվրախորհրդարանում Մերձավոր Արևելքի պետությունների շահերի պաշտպանության համար խոշոր գումարներ ստանալու հետ, մասնավորապես՝ Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման վայրի ընտրության ընթացքում: Այդ մեղադրանքների պատճառով Եվրախորհրդարանի ղեկավարի նախկին տեղակալ Եվա Կայլին պաշտոնաթող է եղել, 2022 թ. դեկտեմբերին զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից և կալանավորվել։ Ավելի վաղ եվրոպական զանգվածային լրատվամիջոցները հայտնել էին, թե Եվրախորհրդարանում Մերձավոր Արևելքի երկրներին առնչվող կոռուպցիոն խարդախությունների մասին տեղեկատվությունը հետաքննությունը վարող Բելգիայի ոստիկանությանն են փոխանցել Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները:
Comments