Search

Ես ձեր շարժման մեջ մեծ ուժ եմ տեսնում. Արմեն Սարգսյան


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է համահայկական խաղերի անցկացումն ու ընդհանրապես համահայկական այդ միջոցառման գաղափարը, նշելով, որ խաղերի միավորող ոգին պետք է օգտագործվի նաև Հայաստան-Արցախ –Սփյուռք կապերն ավելի սերտացնելու համար:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել խաղերի ծրագիրն ու մանրամասն տեղեկացրել նախատեսվող մրցումների մասին: «Միասնություն՝ սպորտով» նշանաբանով անցկացվելիք համահայկական հերթական խաղերի բացումն առաջին անգամ տեղի կունենա Արցախում: Ամառային խաղերին այս տարի կմասնակցեն սփյուռքի ավելի քան 35 քաղաքների ներկայացուցիչներ: Ծրագրում ընդգրկված 17 մարզաձևից 7-ի մրցումները կանցկացվեն Արցախում: Ակնկալվում է 4000 մարզիկների մասնակցություն Հայաստանից, Արցախից և աշխարհի տարբեր երկրներից:

Հանրապետության նախագահը կարևոր է համարել, որ համահայկական խաղերը մարզական մրցաշար լինելուց բացի նաև խթան հանդիսանան համահայկական ինտեգրման համար: Ընդգծելով մարզական այս համահայկական ստուգատեսը Արցախում անցկացնելու առանձնահատուկ նշանակությունը՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ այն նաև Արցախ այցելելու և Արցախին կապվելու հրաշալի հնարավորություն է մեր հազարավոր հայրենակիցների համար: Նախագահի խոսքերով՝ հայրենասիրությունը պետք է արտահայտել ոչ միայն սահմանները պաշտպանելու միջոցով, ինչը շատ էական ու անհրաժեշտ է, այլև՝ հայրենիքը՝ Արցախը, Լոռին, Շիրակը, Սյունիքը, Տավուշը, ողջ Հայաստանը ճանաչելու և իմանալու միջոցով: «Ես ձեր շարժման մեջ մեծ ուժ եմ տեսնում, որի միջոցով կարելի է հայրենիքն ավելի ճանաչված ու ճանաչելի դարձնել»,- դիմելով հանդիպման մասնակիցներին՝ նշել է նախագահ Սարգսյանը:

Նախագահն ասել է, որ համահայկական խաղերը լավ օրինակ են այն բանի, որ մենք ապագայում կարող ենք նաև միջազգային մակարդակի մեծ մրցումներ անցկացնել: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել խաղերի անցկացմանը և քաջալերել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ներկայացուցիչներին՝ շարունակելու իրենց նվիրական գործը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia