Search

Ես հիմա հանունի համար եմ կանգնած. Արփինե Հովհաննիսյան


Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՃԱՄՓԱԲԱԺԱՆ կամ մի ԿՅԱՆՔԻ ու մի ԼԱՅՔԻ պատմություն

Ըստ Մարտին Լյութեր Կինգի՝ մարդու վերջնական արժեքը նրանում չէ, թե ինչպես է նա իրեն պահում հաջողության ժամանակ, այլ այն,թե ինչպես է նա իրեն դրսևորում ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ու ԴԺԲԱԽՏՈՒԹՅԱՆ ժամանակ:

1) ԱՆՀԱՏԱԿԱՆ փորձություն

2018 թվականը ամեն ինչից բացի մարդու` մարդ մնալու մասին էր: Այն սկզբունքների, արժեքային համակարգի, կարմիր գծերի մասին էր: Այն հավատարմության մասին էր, ինչ-որ մեկին չէ, ինքդ քեզ, քո դաստիարակությանը: Այն ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԷՐ` ամոթ ունենալ կամ չունենալու մասին: Այս փորձությունն անցնելը անձամբ ինձ ու ընկերներիս համար շատ ծանր էր տարբեր պատճառներով:

Ինքս ներսում շատ անհամաձայնություններ ունեի, ու համարում էի, որ ես վերոնշյալ սկզբունքներիս հավատարիմ մնալով` քավում եմ ամենեւին ոչ իմ մեղքը: Մեղքերը, որոնք հաճախ հանիրավի, իսկ երբեմն արդարացի կերպով վերագրվում էին նախկին իշխանություններին, ես անձամբ չէի գործել: Ի դեպ, հենց սա օգտագործելով էին այս իշխանության որոշ ներկայացուցիչներ ակնկալում, որ պաշտոնի դիմաց կմիանամ իրենց: Բայց ես հասկանում էի, որ այս պատմությունը դրա մասին չէ, պաշտոնը ինքնանպատակ չէ, սա մեծ փորձություն էր ու քավարան թեկուզ անձամբ իմ որոշ սխալների համար:

Ես ընդունեցի այս փորձությունը, անցա իմ քավարանը ու շնորհակալ եղա հեղաշրջմանը` դեմքս պարզ, գլուխս բարձր ու դիմագիծս կայուն պահելու, իսկ շրջապատումս մաքրություն մտցնելու համար:

Նախկինում էլ, այս 2.5 տարվա ընթացքում էլ ծառայել եմ պետությանը: Ու կրկին ԾԱՌԱՅԵԼՈՒ ԵՄ:

2) ԲԱՆԱԿՆ ԱՏՈՂ ՉԾԱՌԱՅԱԾԸ

Վերջին տարիներին պետություն ու փաշինյան բառերը շատերը նույնացրել էին ու համարում էին, որ եթե իր դեմ ես խոսում, ապա պետության դեմ ես: Բայց … նա ապացուցեց, որ ինքը պետություն քանդողն է, պետությունը ներսից կրծող որդը, որ հաշտ չէր ո՛չ ինքն իր, ո՛չ էլ անգամ իր անցյալի հետ: Նա նախկինների դեմ պայքարում էր նախկինների հետ իր կապը մոռանալու և նախկիններից իր ստացած փողերի նստվածքից ազատվելու համար: Նախկինները իրեն շատ «վատություն» էին արել, Լևոն Տեր-Պետրոսյանը անկախ պետություն էր թողել, Ռոբերտ Քոչարյանը տնտեսական երկնիշ աճ էր թողել, ամուր ու ազատ Արցախ էր թողել, Սերժ Սարգսյանը հաղթանակած ապրիլյան էր թողել, Հայաստանի հետ նույն լեզվով խոսող Մինսկի խումբ էր թողել, արտաքին այնպիսի հարաբերություններ, որտեղ Ռուսաստանը քեզ համարում էր ռազմավարական գործընկեր, ԱՄՆ-ը` գործընկեր, ԵՄ-ը` օրինակելի օրինակ` հակադիր շահերը համադրելու համար, գեներալներն ու Եռաբլուրում երեկ և այսօր հանգչող տղաները` հերոսության կենդանի օրինակներ, ոչ թե «հանուն ոչնչի», այլ հանուն հայրենիքի նահատակվելու դասագրքեր էին թողել, Կարապետյան Կարենը պրոֆեսիոնալ թիմի ու թռիչքաձև աճի ( 2017թ.՝ 0.2-ից 7.5 %, 2018թ. ապրիլ՝ 10.6%) օրինակ էր տվել, Վազգեն Մանուկյանը ողջախոհության ու համախմբման օրինակ էր թողել և այլն և այլն: Այս մարդիկ ունեն իրենց սխալները, նրանց կարելի է ընդունել, կարելի է՝ ոչ, նրանց բոլորի օրոք եղել են թերություններ, սխալներ, չափերը կորցրած մարդիկ, (որոնք ի դեպ նիկոլի կախարդական փայտիկով դարձան իր թիմակիցը), բայց ոչ մեկը ավերակ չթողեց իրենից հետո:

Նիկոլն ատում էր այս մարդկանց դրա համար: Նախապես: Բոլորին: Նրանց բոլորի կողքին իր ոչնչությունն էր ընդգծվում։

Քանզի գիտեր, որ նրանց բոլորի իշխանությունների մեջ եղած թերություններն ինքն ունի, սխալները կրկնելու է, բայց նրանց ձեռքբերումներն իր համար անհասանելի բարձրունք են:

Ու նա դարձավ կոռուպցիոներ, դեմագոգ, ճղճղան լայվերով բաժանեց, որ տիրի,

կործանեց այն ամենը, ինչին դիպավ: Հիստերիկի պես մեղավոր նշանակեց բոլորին։ Որովհետև ատում էր ու իր հետ «ատեցնում»: Նա ատում էր այն, ինչի շնորհիվ այդ մարդիկ կենսագրություն էին կերտել: Նա ատում էր Արցախը: Ու այսքանից հետո նա դեռ երես ունի, թեկուզ և ալկոհոլի ազդեցության տակ բղավում է ու ասում՝ չի լինելու վերադարձ նախկինին: Բա, իհարկե, չի լինելու. էլ որտեղից մեզ այդքան հայրենիք, մի ամբողջ սերունդ, վանք , այդքան տապալած սեր ու հույս։

3) ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ

Ես պայքարել եմ այս ընթացքում, երբեմն` լուռ, երբեմն` աղմկելով, բայց երբեք այս պայքարն ինձ համար չի դարձել ՍՐԲԱԶԱՆ: Ես փոխվել եմ։ Ես երբեք ընկեր չեմ ջնջել դավաճանի գրառումը հավանելու համար, չեմ ջնջել, երբ ինձ կոռեկտ քննադատել են, բայց հիմա անում եմ: Հանեք դրա էջի լայքը, վերադարձեք իրական կյանք, վիրտուալ իրականության կայսրին թողեք մենակ՝ իր ընկեր թուրքերի ու ֆեյքերի հետ: Զրկեք նրան լայքից՝ նրա քաղաքական թթվածնից։ Կամ այստեղ եք կամ այնտեղ։

Անհատական ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ, որ երկու տարի առաջ եկավ, դարձավ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ, ազգային դժբախտություն ու .....ԿՈԼԵԿՏԻՎ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ, որտեղ ամեն մեկը իր խղճին ու բարոյականությանը համապատասխան պիտի գծի կարմիր գիծ ու կանգնի: Այն կողմում, որ կողմում ինքը կտարբերվի կենդանուց: Ո՜չ թե որովհետեւ փոփոխության հոտ է գալիս, այլ ապաշխարելով ու գիտակցաբար։

Հ.Գ. Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր «կուսական» անաղարտություն են պահում ու պսեվդոպրոֆեսիոնալի դիմակը դեմքին, ոչ մի բանի մեջ չթաթախվելով սպասում են իրենց աստեղային ժամին, ովքեր օրը հինգ անգամ հիմնավորում են իրենց ԱՇՈՒՆ - ՁՄԵՌ 2020 հավաքածուից լինելը կամ ում ամբիցիաները ավելին են, քան իրենց կարդացած վերջին գրքի կազմի հաստությունը, լավ կլինի խոնարհաբար անցնեն իրենց քավարանը: Լուռ: Հիմա նիկոլին հայհոյելը քավարան չի, պարտք է։ Իմ ու ձեր քավարանները տարբեր են։ Ես «հպարտ» չեմ եղել, դուք՝ այո։

Ու մի բան էլ՝ մի ասեք «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»։ Դա ինֆանտիլություն է։ Քաղաքականությունն է մեզնով ու մեր երկրով զբաղվել։ Ձեզնից շատերի մասնակցությամբ։ Խորը ու համապարփակ։

Հ.Գ. 2 Ես ամեն ինչ անելու եմ, որ վերադարձ լինի անվտանգության ՆԱԽԿԻՆ զգացմանը, տնտեսական աճի ՆԱԽԿԻՆ տեմպերին, ՆԱԽԿԻՆ պրոֆեսիոնալներին ու կդառնամ թշնամի ցանկացածի, ով ուղղակի կամ անուղղակի կերպով կմտածի անգամ, որ կա վերադարձ որևէ արատավոր երևույթի: Այն արատների, որոնց հովանավորը ու հավաքական կրողը նիկոլն է: Տգիտություն, խորը ու կործանարար տգիտություն, հովանավորչություն, կոռուպցիա, պրոֆեսիոնալ սուտ, կեղծիք և այլն:

Ես հիմա հանունի համար եմ կանգնած: Նիկոլ չկա, մոռացեք: Կա Հայաստան, ու կա պայքար հանուն Հայաստանի ապագայի:

Լռելը մեղք է։ Լռելը հանցակցություն է։ Լռելը խարան է։

Կտավը՝ Հերինոմոս Բոսխ, հատված «Երկրային վայելքների այգի» տրիպտիխից։ Դժոխք։

Կարելի էր վերնագրել դժոխքի տիրակալը կամ տիրուհին»։

Մակունցը փորձում է փախչել այն պատասխանատվությունից, որը վերահաս է այս խունտայի նկատմամբ. Աշոտյան

Փաշինյանի կողմից 2018-ին իշխանազավթումը պայմանավորված էր արցախյան հարցով. Աշոտյան

Պլակատը՝ որպես քաղաքացիական դիրքորոշման արտահայտամիջոց

Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 58 նոր դեպք. մահացել է 10 մարդ

Մարիինյան թատրոնի մասնագետները տեսագրում և ձայնագրում են Բեթհովենի սիմֆոնիաները

ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Կրթության միջազգային օրվա առթիվ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: