Եռակողմ հանդիպմանը քննարկվել են խաղաղության պայմանագրի, դելիմիտացիայի եւ ապաշրջափակման մասին հարցեր
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաեւ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջեւ դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետեւանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական եւ էներգետիկ ճգնաժամի փաստը: Կարեւորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը:
Comments