top of page
Search

ԵՄ-ում ապաստան խնդրողների թիվը 2022թ. ավելացել է ավելի քան 50 տոկոսով



Եվրամիությունում ապաստան խնդրողների թիվը 2022թ., նախորդ տարվա համեմատ, ավելացել է ավելի քան 50 տոկոսով։ Այս մասին ասել է Ապաստանի տրամադրման եվրոպական գործակալության՝ EUAA-ի տնօրեն Նինա Գրեգորին։ Նրա խոսքով՝ 2022թ. առաջին 10 ամիսներին Եվրամիությունն ստացել է ապաստան տրամադրելու մոտ 800 հազար խնդրանք, ինչը 54 տոկոսով ավելին է, քան նախորդ տարի։ Այս թվի մեջ չեն մտնում Ուկրաինայի քաղաքացիները, որոնք ԵՄ երկրներ են գալիս ռուսական ռազմական ներխուժումից հետո։ Նրանց տրամադրվում է ոչ թե քաղաքական ապաստան, այլ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, եւ նրանք փախստականների վիճակագրության մեջ չեն մտնում։ Ապաստան խնդրողների ցուցակը նոյեմբերի վերջի դրությամբ նախկինի պես գլխավորում են Սիրիան, Աֆղանստանը եւ Թուրքիան։ Գրեգորին չի նշել, թե Ռուսաստանի քանի քաղաքացի է այս տարի քաղաքական ապաստան ստանալու խնդրանք ներկայացրել։ Եվրամիությունն ավելի վաղ հայտարարել էր հայրենիքում հետապնդումների ենթարկված ռուսաստանցիներին ոչ թե քաղաքական ապաստան, ոչ թե քաղաքական փախստականի կարգավիճակ, այլ այսպես կոչված հումանիտար վիզաներ տալու հնարավորության մասին։ Նրանց համար վիճակագրությունը կազմվելու է հաջորդ տարեսկզբից։ Պաշտոնյայի խոսքով՝ ապաստան խնդրողների թիվն այս տարի ավելացել է, բայց, միեւնույն է, չի հասել 2015-16թթ. թվերին, երբ ԵՄ-ում ապաստան ստանալու խնդրանքով դիմել էր ավելի քան 1,3 մլն մարդ, որոնց մեծ մասը փորձում էր փրկվել Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետեւանքներից։ Ապաստան խնդրողների մեծ մասը խնդրում է հանգրվանել Գերմանիայում. ընթացիկ տարվա նոյեմբերի դրությամբ նրանց թիվը 190 հազար է, ինչը 43 տոկոսով ավելին է, քան անցած տարի։ Երկրորդ տեղում Ֆրանիան է։ Փախստականների համար «ամենաանցանկալի» երկիրը ԵՄ-ում Հունգարիան է։ Գրեգորին ընդգծել է, որ տեսանելի ապագայում ապաստան խնդրողների թիվը շարունակելու է ավելանալ։ «Անկայունությունը եւ անվտանգային սպառնալիքներն այն աշխարհի առանձնահատկություններն են, որտեղ մենք ապրում ենք։ Ցավոք, դրանք ժամանակավոր չեն»,- ասել է նա։

 
 

Kommentare


bottom of page