top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԵՄ–ն ու ԱՀԿ–ն COVID-19-ի ախտորոշման թեստեր և բժշկական պարագաներ են տրամադրել Հայաստանին


Եվրոպական միությունը (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպոությունը (ԱՀԿ) առողջապահության նախարարությանն են փոխանցել 100 թթվածնի խտացուցիչ, 20 էլեկտրասրտագրության սարք և 10000 ՊՇՌ թեստ COVID-19-ի ախտորոշման համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ թեստերն ու սարքավորումները կտրամադրվեն ազգային լաբորատորիային և առողջապահական հաստատություններին:

ԱՀԿ-ի կողմից ԵՄ աջակցությամբ ձեռք բերված պարագաները կօգնեն բարձրացնել թեստավորման կարողությունները, իսկ հիվանդներին` ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդություններից:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն այցելել են «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ թեստերի և սարքավորումների առաքանին ստանալու համար:


Նշենք, որ թթվածնի խտացուցիչները COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներին թթվածնով ապահովելու ոչ ինվազիվ միջոց են: Նման հավելյալ թթվածինն առաջին անհրաժեշտ քայլն է COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ ունեցող հիվանդների բուժման համար:

Էլեկտրասրտագրության սարքն օգնում է բուժաշխատողներին լսել հիվանդի սիրտը և հետևել, որ բարդություններ չառաջանան: ԷՍԳ սարքը հատկապես կարևոր է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժվող հիվանդների համար:


Առաքված 10000 թեստը կապահովեն հիվանդների ժամանակին հայտնաբերումը, մեկուսացումը և կառավարումը, ինչը կարևոր է ինչպես հիվանդների խնամքի, այնպես էլ երկրում համաճարակի զսպման համար: Թեստերը պատկանում են ԱՀԿ-ի կողմից երաշխավորված որակի պարագաների ցանկում ընդգրկված տեսակին և ճշգրիտ արդյունքներ են ապահովում ընդամենը 75 րոպեում:

Մշակման այս կարճ ընթացքը խնայում է բուժանձնակազմի ժամանակն ու էներգիան, օգնում է նվազեցնել մարդկային սխալների հավանականությունը և թույլ է տալիս մեկ օրվա ընթացքում թեստավորել ավելի շատ քաղաքացիների:


Հիշեցնենք` սեպտեմբերի 8–ի տվյալներով` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44 953 դեպք, որոնցից 40 592-ն` առողջացած, 903-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 182 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 221 041 թեստավորում:





0 comments

Kommentare


bottom of page