ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Ուկրաինայից զենքի մաքսանենգության հնարավոր աճի կապակցությամբ
Եվրամիությունը մտահոգված է Ուկրաինայից հրազենի եւ թմրանյութերի մաքսանենգության ռիսկերով եւ կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում, հայտարարել է ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը։
«Մենք ունենք որոշ տվյալներ, բայց փորձը ցույց է տալիս, որ զենքը հաճախ տեղափոխվում է պատերազմների ժամանակ կամ դրանից հետո: Մենք գիտենք, թե որքան զենք կա այժմ Ուկրաինայում, եւ, իհարկե, ոչ բոլոր զենքերն են միշտ ճիշտ ձեռքերում»,- լրագրողներին ասել է Յոհանսոնը Պրահայում, որտեղ տեղի է ունեցել ԵՄ ՆԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը՝ Ուկրաինայի եւ Մոլդովայի նախարարների մասնակցությամբ։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ցանկանում է խուսափել նախկին Հարավսլավիայում հակամարտությունից հետո հրազենի մաքսանենգության աճի բացասական փորձից։ «Մենք նախկին Հարավսլավիայի տարածքում պատերազմի փորձից գիտենք, որ դեռեւս խնդիրներ ունենք զենքի հետ, որն այնտեղից հանցավոր խմբերի ձեռքն է ընկել։ Սա խթանում է բռնությունը Եվրամիությունում: Մենք պետք է պատրաստ լինենք համատեղ աշխատանքի, այդ թվում՝ Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ»,- ասել է Յոհանսոնը, ում ելույթը տեղադրված է Եվրահանձնաժողովի կայքում։
Նրա խոսքով, երկուշաբթի օրը Քիշնեւում կգործարկվի Մոլդովայի հետ անվտանգության եւ սահմանների պաշտպանության ոլորտում համագործակցության հատուկ հանգույց։ Այս հանգույցը ենթադրում է «Եվրամիության անդամ երկրների համատեղ աշխատանք Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ՝ ոստիկանության աշխատակիցների ուղարկում տեղեկատվության փոխանակման համար»։
Նրա խոսքով, ՄԱԿ-ը նույնպես մտահոգված է թմրանյութերի արտադրության եւ մաքսանենգության նոր ուղիների ի հայտ գալով:
Comments