ԵՄ-ն հաստատել է 14.2 մլն եվրո դրամաշնորհի ձևով հատկացման փոխանցումը Հայաստանին
- Anews
- Aug 3, 2022
- 1 min read

Եվրոպական միությունը հաստատել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» և «Հայաստանի ՔՈՎԻԴ-19 դիմակայման պայմանագիր» բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում դրամաշնորհի ձևով 14.2 մլն ԵՎՐՈ հատկացման փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության բաժնից հայտնում են, որ փոխանցման հաստատման որոշումը կայացվել է հաշվի առնելով ընտրված ոլորտային ուղղություններում առաջընթացի գնահատման դրական արդյունքները, մակրոտնտեսական կայունությունը, պետական ֆինանսների կառավարման և պետական բյուջեի թափանցիկությունը։ «Այս հատկացումը Եվրոպական միության և Հայաստանի կառավարության միջև հաջող համագործակցության արդյունք է, և արտացոլում է համավարակի հետևանքներից վերականգնման և ՀԸԳՀ համաձայնագրի իրականացման Կառավարության հանձնառությունը»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ «ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ արդյունավետ գործընկերությունը՝ ուղղված Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացմանը և, երկրում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ամրագրված հիմնական բարեփոխումների իրականացմանը»,- ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 14.2 մլն․ ԵՎՐՈ հատկացումների փոխանցումը կաջակցի Հայաստանին իրականացնել արդարադատության ոլորտի բարեփոխումները և մեղմել ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրները։ Եվրոպական միությունը կշարունակի աջակցել Հայաստանի Հանրապետությանը իրականացնել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ) համահունչ ստանձնած բարեփոխումները:
Comentarios