ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան շարունակում են հակաիրանական մթնոլորտ ստեղծել․ Իրանի ԱԳՆ

ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան շարունակում են հակաիրանական մթնոլորտ ստեղծել։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին, գրում է IRNA-ն։ «Թեհրանը մերժում է անհիմն մեղադրանքները՝ Ուկրաինայում իրանական արտադրության ԱԹՍ-ի օգտագործման վերաբերյալ։ ԻԻՀ-ը միշտ ընդգծել է, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները պետք է հարգեն ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաեւ միջազգային իրավունքը, ներառյալ բոլոր երկրների անկախությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա՝ հավելելով, որ Իրանն աջակցում է խաղաղությանը եւ պատերազմի անհապաղ դադարեցմանը։ Նա նշել է, որ ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան շարունակում են հակաիրանական մթնոլորտ ստեղծել՝ սխալ ներկայացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւը, եւ փորձելով անհիմն կապ ստեղծել իրենց մեղադրանքների եւ բանաձեւի միջեւ: Նրա խոսքով՝ «Իրանի հզոր ժողովուրդը երբեք չի մոռանա եվրոպական երկրների կողմից զանգվածային ոչնչացման զենքի, մասնավորապես՝ քիմիական զենքի մատակարարումը Սադամ Հուսեյնին՝ Իրանին պարտադրված 8-ամյա պատերազմի ընթացքում»։ Քանանին ասել է, որ Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում արձագանքել անպատասխանատու գործողություններին՝ Իրանի ժողովրդի ազգային շահերի եւ իրավունքների պաշտպանության շրջանակում։
Comments