top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԵՄ-ն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը հայց է ներկայացրել ընդդեմ Չինաստանի

ԵՄ-ն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը հայց է ներկայացրել ընդդեմ Չինաստանի՝ կապված այն Լիտվայի հանդեպ Պեկինի ներմուծման սահմանափակումների հետ: Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Չինաստանն այս տարի 80 տոկոսով կրճատել է առեւտուրը ԵՄ անդամ երկրի հետ այն բանից հետո, երբ Լիտվան 2021 թվականին խախտել է դիվանագիտական սովորույթները՝ թույլ տալով Վիլնյուսում թայվանյան գրասենյակին կրել Թայվան անունը Չինական Թայբեյի փոխարեն, որը շատ այլ երկրներ օգտագործում են Պեկինին չվիրավորելու համար, հայտնում է AP-ն։ Լիտվայի գործողությունները կատաղեցրել են Պեկինին, որը հետ է կանչել Վիլնյուսում իր դեսպանին եւ Պեկինից վտարել Լիտվայի դեսպանին։ Բալթյան երկիրը փակել է իր դեսպանատունը Պեկինում: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ձեռնարկում է ԱՀԿ քայլեր, քանի որ «Չինաստանը խտրական եւ հարկադրական միջոցներ է ձեռնարկել Լիտվայից արտահանման եւ լիտվական բովանդակությամբ ԵՄ արտադրանքի արտահանման դեմ»: Չինաստանը հայտարարել է, որ ափսոսում է ԵՄ քայլի համար, որը ներառում է նաեւ երկրորդ վեճը՝ բարձր տեխնոլոգիական արտոնագրերի նկատմամբ եվրոպական ընկերությունների իրավունքների վերաբերյալ: Մինչ այս տարի Լիտվան տարեկան մոտ 200 մլն եվրոյի արտադրանք էր արտահանել Չինաստան։ Հանձնաժողովը հատկապես անհանգստացած է ողջ եվրոպական շուկայի վրա ազդեցությամբ, քանի որ Չինաստանի միջոցները կարող են խանգարել ընկերություններին բիզնես վարել Լիտվայի հետ՝ նրանց արտադրանքի սահմանափակումներից խուսափելու համար: Բավարար չհամարելով իր հարցերին Պեկինի պատասխանը՝ հանձնաժողովը խնդրել է ստեղծել ԱՀԿ հանձնաժողով՝ վեճը լուծելու համար: Սպասվում է, որ նրա խնդրանքը կդիտարկվի դեկտեմբերի 20-ին կամ հունվարի վերջին։ Մինչեւ ԱՀԿ-ի որոշում կայացնելը կարող է մեկ տարի տեւել: Բրյուսելը նաեւ խնդրել է ԱՀԿ երկրորդ հանձնաժողով ստեղծել՝ Չինաստանի հետ մեկ այլ վեճի հարցով: Խոսքը վերաբերում է այն բանի օրինականությանը, որ Պեկինը սահմանափակում է բարձր տեխնոլոգիաների արտոնագրեր ունեցող եվրոպական ընկերությունների մուտքը եվրոպական դատարաններ՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար: «Չինական կողմը ափսոսում է եվրոպական կողմի որոշման համար»,- հայտնել են Չինաստանի առեւտրի նախարարությունից։ «Չինաստանը պատշաճ կերպով կքննարկի ԵՄ-ի կողմից ներկայացված համապատասխան հայցը՝ վեճերի լուծման ընթացակարգերին համապատասխան եւ վճռականորեն կպաշտպանի իր օրինական իրավունքներն ու շահերը»:

0 comments

Comments


bottom of page