Search

ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության վերաբերյալ հայտարարություն


Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսը եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը վերաբերում է COVID-19-ի ճգնաժամի հետեւանքները մեղմելուն ուղղված ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությանը, ժողովրդավարության ամրապնդման, դատաիրավական եւ այլ ոլորտների բարեփոխումների աջակցմանը: Հայտարարության մեջ նշված է, որ Եվրոպական միությունը (ԵՄ) հանդիսանում է Հայաստանի առանցքային գործընկերը բարեփոխումների ոլորտում, եւ այս համատեքստում հեղինակները ողջունում են դատաիրավական եւ ոստիկանության համակարգերում բարեփոխումների իրականացման Հայաստանի պատրաստակամությունը` անգամ COVID-19 ճգնաժամով պայմանավորված դժվարին պայմաններում: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի առաջընթացը արդարադատության բարեփոխումների ոլորտում: Ողջունում ենք Եվրոպական միության հաստատակամ հանձնառությունը` աջակցելու Հայաստանին` դատական համակարգն ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցնելու գործում»: Պատվիրակությունների ղեկավարներն ընդգծել են, որ Հայաստանի կողմից իրավունքի գերակայության, արդարադատության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում բարեփոխումների հաջող իրականացումը նոր խթաններ կստեղծի եվրոպական ինտեգրման հավակնոտ ուղու եւ հետագա համագործակցության համար: Անդրադառնալով COVID-19-ի հետեւանքով ստեղծված ճգնաժամին` գործընկերները նշել են, որ Եվրոպական միությունը, հանդիսանալով Հայաստանի խոշորագույն դոնորը եւ գործընկերը, ճգնաժամի դժվարին իրավիճակում շարունակում է մնալ Հայաստանի կողքին` ամրապնդելով համերաշխությունը եւ միջազգային համագործակցությունը: Այսպես, ԵՄ-ն ավելացրել է տարեկան միջին օժանդակությունը` 40 միլիոն եվրոյից այն հասցնելով մինչեւ 65 միլիոն եվրոյի, ինչպես նաեւ հանձնառություն է ստանձնել տրամադրել 92 մլն եվրոյի աջակցություն` երկկողմ աջակցության դրամաշնորհների տեսքով: Արագ արձագանքման մեխանիզմի միջոցով արդեն ապահովվել է մարդասիրական օգնության փաթեթների բաշխումն ավելի քան 3000 անապահով տնային տնտեսությունների Շիրակի, Տավուշի եւ Լոռու մարզերում: Բացի այդ, 350 դպրոցահասակ երեխաներ հնարավորություն կստանան օգտվելու հեռավար ուսուցման գործիքներից` ապահովելով կրթության հասանելիության իրենց իրավունքի իրացումը: Ա. Կուբիլիուսը եւ Գ. Աբրահամյանը նշել են, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքով համագործակցությունը վերաճում է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ռազմավարապես ամրապնդված գործընկերության: Ընդգծելով Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու եւ Առանց թույլտվության բնակվող մարդկանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի արդյունավետ իրականացումը` պատվիրակությունների ղեկավարները հույս են հայտնել, որ առավել սերտ համագործակցության եւ շարժունակության բարձրացման հաջորդ ուղենիշը պետք է լինի վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը մոտ ապագայում:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia