ԵԽԽՎ բանաձևում ներառվել են հայկական պատվիրակության առաջարկները
ԵԽ խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը։ Տեղեկությունը հրապարակվել է «Հայաստանը Եվրոպայի խորհրդում» ֆեյսբուքյան էջում։ «Քվեարկությամբ ընդունվեցին բանաձևում հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։ Բանաձեւի երկրորդ կետում մասնավորապես, ասվում է. «ԵԽԽՎ-ն ի գիտություն է ընդունում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ամենավերջին հրատապ ծանուցումը, որն ուղարկվել է ԵԽ Նախարարների կոմիտե, որը կոչ է անում հետեւել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարմանը, և կոչ է անում անհապաղ եւ ամբողջական կատարել ՄԻԵԴ-ի կողմից ընդունված միջանկյալ միջոցները, Վեհաժողովը նաև հետևում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց շուրջ տիրող իրավիճակին, որոնք դեռևս գտնվում են Ադրբեջանում։ Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին»: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը հունվարի 24-ին և 26-ին ելույթ էր ունեցել «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» թեմայով քննարկման ժամանակ: Նա անդրադարձել է ինչպես Լաչինի թեմային, այնպես էլ փաստահավաք նպատակներով տարածաշրջան ԵԽԽՎ մոնիտորինգի առաքելություն ուղարկելուն։
Comentários