Search

Եթե միջազգային հանրությունը ոչինչ չձեռնարկի, ապա ԼՂ-ի ժողովուրդը կդառնա ցեղասպանության զոհ


Forum sur la Première հաղորդմանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և հաստատել, որ Հայաստանը չէ, որ հրաժարվում է փոխզիջումների գնալ, որպեսզի վերջ դնի այս ճգնաժամին:

     Նիկոլ Փաշինյանը դժգոհել է, որ դիվանագետները չեն այցելել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Նա կոչ է արել միջազգային հանրությանն արձագանքել, այլապես Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարող են ցեղասպանության վտանգի առաջ կանգնել։

- Հրադադարը չի պահպանվել։ Երկու կողմում էլ խաղաղ բնակիչներ են զոհվել։ Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ գնալ Հայաստանը՝ մարտական գործողությունները դադարեցնելու համար։

     - Հարցն այն չէ, որ հրադադարը չի պահպանվել, այլ այն, որ այն նույնիսկ չի գործել։ Քանի որ այն պահին, երբ այն պետք է ուժի մեջ մտներ, Ադրբեջանը նոր հարձակումներ ձեռնարկեց։ Երբ խոսքը գնում է փոխզիջումների մասին, Հայաստանը միշտ պատրաստ է եղել դրանց։ Բայց զիջումներ պետք է լինեն երկու կողմից։ Ադրբեջանը երբեք պատրաստ չի եղել փոխզիջումների։ Ահա թե ինչու է այս իրավիճակը զարգանում հենց այդպես։ Այսօր Ադրբեջանն ավելի քիչ պատրաստ է դրան։ Հատկապես այն պատճառով, որ Թուրքիան է կառավարում է այդ գործընթացը։ Թուրքիայի համար դա միայն Լեռնային Ղարաբաղի հարցը չէ։ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են դեպի արևելք և հարավ-արևելք նրա ճանապարհին։

- Պատրա՞ստ եք արդյոք հանձնել այդ 7 շրջանները, որպեսզի հասնեք հակամարտության քաղաքական կարգավորմանը։

     - Դուք գիտեք, որ ես ՀՀ վարչապետն եմ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի վարչապետը, և պետք է հաշվի առնել ԼՂ ընտրված ղեկավարների որոշումները։ Ինչ վերաբերում է տարածքային հարցին, ապա ես կցանկանայի ընդգծել այն փաստը, որ հայկական կողմը պատրաստ էր փոխզիջման գնալ և ստորագրել 2011թ-ին Կազանի բանակցությունների շրջանակներում առաջարկված համաձայնագրերը: Ինձ համար շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ տեսնի Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։ Խնդիրն այն է, որ այժմ Ադրբեջանն իր առջև նպատակ է դրել Թուրքիայի և սիրիացի վարձկանների օգնությամբ վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը և ազատել այն հայերի վերահսկողությունից։

- Հիասթափվա՞ծ եք արևմտյան որոշ երկրներից։

     - Գիտեք, խնդիրն այն է, որ այսօր Լեռնային Ղարաբաղը գտնվում է հումանիտար ճգնաժամի շեմին։ Վերջին շրջանում, երբ Լեռնային Ղարաբաղի բանակը զսպող հարված հասցրեց Ադրբեջանի Գյանջա քաղաքին, ադրբեջանցիները կազմակերպեցին օտարերկրյա ներկայացուցիչների այցն այդ տարածաշրջան՝ ցույց տալու, թե ինչ է կատարվում այնտեղ: Բայց մինչ օրս ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ չի այցելել Լեռնային Ղարաբաղ, չի այցելել մայրաքաղաք Ստեփանակերտ՝ տեսնելու պայթյունների հետևանքները։ 19 օր է այն շարունակվում է՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքները, ոչնչացվում են շենքերը. Եկել են միայն մի քանի օտարերկրյա լրագրողներ, բայց ոչ մի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչ։ Եթե միջազգային հանրությունը ոչինչ չձեռնարկի, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կդառնա ցեղասպանության զոհ, և իմ խոսքերը կշռադատված են։

- Ադրբեջանը չորեքշաբթի հայտարարեց, որ հարվածել է Հայաստանի տարածքին։ Ինչպիսի՞ն պետք է լինի Ռուսաստանի դերը։

     - Մենք մշտապես խորհրդակցում ենք մեր ռուս գործընկերների հետ, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում։ Արդեն հստակ հայտարարություններ են հնչել այն մասին, որ իրավիճակի վատթարացման դեպքում Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կկատարեն իրենց պարտավորությունները Հայաստանի հանդեպ։ Բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պետք է ավելի կարևոր դեր խաղա, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կայունության և խաղաղության վերականգնման գործում։ Ես կցանկանայի ընդգծել, որ քանի որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում ամենամոտ համանախագահն է, ապա մյուս երկու համանախագահները՝ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, պետք է աջակցեն Ռուսաստանին՝ տարածաշրջանի կայունացմանն ուղղված նրա ջանքերում։

Հայկական կողմը լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի ՊՆ-ն դեռևս 08:00 չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ

Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ԼՂ հակամարտության կարգավորման

Կարեն Շաքարյանին և Հունան Հայրումյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը. Մակրոն

Հարավում այս պահին էլ մարտեր են ընթանում. Արծրուն Հովհաննիսյան

Հաղթել՝ նշանակում է երկրորդ անգամ ցեղասպանություն թույլ չտալ․ Արծրուն Հովհաննիսյան

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia