Եթե մենք Լաչինի հարցով դիմենք ՄԱԿ-ի ԱԽ, դա կլինի ընդդեմ Ռուսաստանի․ Նիկոլ Փաշինյան

Եթե Հայաստանը դիմի ՄԱԿ-ի ԱԽ, նշանակում է, որ դիմում է նաեւ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երբ մենք խոսում ենք այն մասին, եթե ՌԴ-ն այդ գործառույթը չի կարողանում իրականացնել, գուցե ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ ռուս խաղաղապահների միջազգային մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ բազմազգ խաղաղապահ զորախումբ գործուղելու հարցով»,- նշեց Փաշինյանը։ Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է, որ ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը լրանալու դեպքում Հայաստանը դիմի ՄԱԿ-ի ԱԽ, Փաշինյանը պատասխանեց. «Ես տեսնում եմ, որ իրավիճակից բխող որոշումներ պետք է կայացնենք։ Կարող է դրա անհրաժեշտությունն ուղղակի չլինել, կարող է եւ լինել»։ Հարցին՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու Հայաստանի կառավարության խոստումը ժամկետա՞նց է, Փաշինյանն արձագանքեց. «Ոչ մի բան ժամկետանց համարել պետք չի եւ չի կարելի։ Հարցն այն է, թե որեւէ առաքելություն ինչ բանաձեւով է իրագործվում։ Սկսած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստից այդ հանձնառության իրականացման ճարտարապետության մաս է։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նաեւ Հայաստանն է ստորագրել. այսինքն՝ Հայաստանի Հանրապետության որոշման բերումով է ռուս խաղաղապահ զորքը տեղակայվել Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի դերակատարմամբ է, որ Լաչինի միջանցքը, համաձայն եռակողմ հայտարարության, գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»։
Comments