top of page
Search

«Եթե կարողանանք կրեդիտային համակարգը դպրոցում ճիշտ ներդնել, դրանից կշահի մեր կրթությունը». Մխիթարյան


«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը – Պարո՛ն Մխիթարյան, նախատեսվում է կրեդիտային համակարգը ներդնել նաև ավագ դպրոցում, որպեսզի դպրոցից բուհ անցումն ավելի հեշտ լինի։ Հաջորդ կիսամյակից կրեդիտային փորձնական համակարգը կներդրվի մայրաքաղաքի բուհերի հենակետային և Տավուշի մարզի ավագ դպրոցներում, իսկ արդեն 2024-25 ուստարուց կներդրվի բոլոր դպրոցներում։ Որո՞նք են այս որոշման դրական կողմերը։ – Հենց սկզբից ասեմ, որ շատ դրական եմ վերաբերվում, սա իրապես քայլ է, որ մոտեցնելու է մեր հանրակրթությունը բարձրագույն կրթությանը։ Գիտեք, որ անընդհատ խոսվում է այն մասին, որ ավագ դպրոցը մեզանում չի կայացել, երբ երեխաները 9-րդ դասարանն ավարտում են, ծնողները երկընտրանքի առաջ են կանգնում։ Երբ երեխան ավարտում է ավագ դպրոցը, գալիս է բուհ, այստեղ կազմակերպչական բազմաթիվ խնդիրների է բախվում, որովհետև այն մեթոդները, որոնք կիրառվում են հանրակրթության մեջ, ու այն մեթոդները, որոնք կան բուհում, շատ տարբեր են, ու մեր առաջին կուրսեցիների համար երբեմն սթրեսային է լինում։ Այս գաղափարի ճիշտ կիրառման դեպքում շատ սահուն անցում կապահովվի հիմնական դպրոցից դեպի բուհ։ Սա քայլ առաջ է, բայց այստեղ խնդիրն այն է, որ սա կիրառելու են այն մարդիկ, որոնք էապես գաղափար չունեն կրեդիտային համակարգից, նույնիսկ մեր բուհերում դա կայացած չէ ։ Օրինակ՝ կա կրեդիտների փոխճանաչելիություն, որ շատ բուհեր նույնիսկ իրար հետ չեն համագործակցում Հայաստանի ներսում, այսինքն՝ լավագույն արդյունքի հասնելու համար պետք է գլոբալ խնդիրը դնել ու լուծել, այնպես անել, որպեսզի և՛ բուհական համակարգը ճանաչի հանրակրթության կրեդիտները, այդ կրեդիտները միմյանց միջև փոխանցելի լինեն, և՛ ուսանողները կարողանան ընդունվելով մի բուհ, որոշակի կրեդիտներ հավաքեն այլ ուսումնական հաստատությունից։ Ճիշտ է նաև, որ որոշակի ժամանակ է տրվում փորձարկման համար, հետո գուցե անհրաժեշտություն առաջանա շտկումներ անելու, նոր միայն ամբողջ երկրով կիրառել։ – Բացի այդ սահուն անցումն ապահովելուց, որի մասին ասացիք, ուրիշ ի՞նչ այլ առավելություններ կարող է ունենալ այս համակարգի ներդրումը դպրոցում։ Կրթության որակի բարձրացմանը կնպաստի՞։ – Ըստ էության, կրթության որակի վրա սա էական անդրադարձ չի ունենա։ Եթե մեր հաջորդ քայլը լինելու է ավագ դպրոցի միջազգայնացումը, չգիտեմ՝ հեղինակներն այս մասին մտածել են, թե չէ, բայց սա այդտեղ էլ կարող է օգտակար լինել։ Այս համակարգի ներդրումը ամբողջ երկրով մեկ հնարավորություն կտա նաև այդ հարցը լուծելու, այսինքն՝ չթողնել, որ Հայաստանում միայն մատների վրա հաշվվող դպրոցներ ունենան այդ հնարավորությունը, ու անհավասարություն ստեղծվի ֆինանսապես անապահով ընտանիքների երեխաների համար։ Կրթության որակի բարձրացման մասին խոսք լինել չի կարող, նույնիսկ կարող է սկզբնական շրջանում որոշակի անկում գրանցենք, որովհետև ես արդեն լսել եմ որոշ ուսուցիչների ու մասնագետների մտահոգություններ, որ իրենք կխճճվեն այն վարչարարության մեջ, ինչը հետևելու է այս որոշման կիրառման առաջին օրվան։ Այսինքն՝ կրթությունը պետք է մի կողմ թողնենք ու անցնենք ժամերի, կրեդիտների հաշվմանը, բաշխմանը, երեխաների ներգրավմանը, կամընտրական առարկաներ կլինեն այնտեղ ու այլն։ Կազմակերպչական այս խնդիրների լուծումը որոշակի ժամանակ ու ռեսուրսներ է պահանջելու, որը, ես կարծում եմ, լինելու է կրթության որակի հաշվին։ Սրա համար պետք է շատ լավ նախապատրաստվել՝ բացթողումներ թույլ չտալու համար։ – Պարո՛ն Մխիթարյան, որոշման հեղինակներն ապագայի համար ունեն հեռանկար, որ այս կրեդիտները պետք է փոխարինեն ընդունելության քննություններին, և միայն կրեդիտներով հնարավոր կլինի բուհ ընդունվել։ Ռիսկեր չե՞ք տեսնում այստեղ։ – Սա արևմտյան կրթական համակարգի մոտեցում է, որտեղ վաղուց կա այս համակարգը, Հայաստանում էլ Դիլիջանի դպրոցն է այս մեխանիզմով արդեն գործում։ Այսինքն՝ երեխաները դպրոցի վերջին տարվա հենց սկզբին, դեռ չավարտած, իրավունք են ստանում դիմել բուհ, որոնք հնարավորություն են ունենում մոնիթորինգի ենթարկել տվյալ դիմորդի վերջին տարվա գործունեությունը՝ հիմնվելով նախորդ տարվա գնահատականների վրա։ Բոլորս էլ գիտենք, որ շատ դժվար է ընդամենը մեկ կամ երկու քննությամբ գնահատել շրջանավարտի կամ դիմորդի ողջ ունակություններն ու գիտելիքները։ Սուբյեկտիվության աստիճանն այստեղ էապես բարձր է։ Լավ կլինի, որ այս համակարգը քայլ առ քայլ ներդրվի, ու այդ ժամանակ երեխան իր գիտելիքները հավաստող որոշակի կրեդիտներ կհավաքի, իսկ սա, ինչպես ասացի, կհեշտացնի անցումը, և ընդունելության քննությունների կարիքն այդ ժամանակ չի էլ լինի։ – Այսինքն՝ ընդհանուր գաղափարը լա՞վն է, ուղղակի պետք է այն կյանքի կոչել հաշվարկած ու ճիշտ քայլերո՞վ։ – Այո՛, դա շատ կարևոր է։ Հատկապես այն մարդիկ, որոնք ներգրավված են լինելու այս որոշման կայացման գործընթացում, անպայման պետք է ընդգրկվեն տևական վերապատրաստման գործընթացում, քանի որ դա հնարավոր չի լինի հանպատրաստից իրականացնել ու կդառնա հերթական գլխացավանքը մեր հանրակրթության համար։ Ես գիտեմ, որ տեղերում ռեսուրս չունենք, այսինքն՝ պետք է վերապատրաստել ու նույնիսկ չշտապել, գուցե մեկ տարի էլ ուշ սկսել կիրառումը, բայց վստահ լինել, որ դա վնաս չի բերի, մյուս գաղափարների նման, երբ լավ գաղափարը վերցնում են, աղավաղված ձևով ուզում են կիրառել, ու այն ոչ միայն օգուտ չի տալիս, այլև արժեզրկվում է, իսկ հետո դժվար է մարդկանց համոզել, որ սա շատ լավ բան է ու արժի կիրառել։ Եթե մենք կարողանանք այս մտավախությունները համատեղ ուժերով հաղթահարել, մասնակցային պրոցեսները չանտեսելով, դրանից հաստատ կշահի մեր կրթությունը։ Քրիստինե Աղաբեկյան

0 comments

Komentarai


bottom of page