Search

Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ կախաղան հանել. Փաշինյան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում չհավատալ այն տեղեկատվությանը, որն իր բովանդակությամբ հակասում է թավշյա և ոչ բռնի հեղափոխության էությանը, արժեքներին ու գաղափարներին: Այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանի հարցին:

«Բոլոր այն տեղեկատվությունները, որոնք իրենց բովանդակությամբ կհակասեն թավշյա և ոչ բռնի հեղափոխության արժեքներին, գաղափարներին և էությանը, իմացեք, որ դա սուտ է: Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Հայաստանում որոշ խմբեր ցանկանում են վստահության ճգնաժամ ստեղծել, ինչը կապված է մի շարք քրեական գործերի ընթացքի հետ:

«Այդ երևույթները կապված են մի քանի քրեական գործերի ընթացքի հետ, եթե մենք հետևողական լինենք այդ գործերը մինչև վերջ տանելուն, նաև ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները հստակ գործարկելու համար, համոզված եմ, որ այդ հին համակարգի վերջին մնացուկները կփլուզվեն, դրանով այդ պատմությունը կավարտվի: Մեր մարմիններն ուշադիր են: Բոլոր այն դեպքերում, երբ քրեական օրենսգրքի գիծ է հատվում, պետք է միանշանակ արձագանքեն»,- նշեց վարչապետը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia