Եթե աշխարհակարգային փոփոխություններ են սպասվում, պետք է ուժեղացնել կոշտ ակտիվները. Արտակ Ապիտոնյան

Հայաստանը գտնվում է մեծ անկայունության շրջանում, որը գնալով ընդլայնվում է, եւ դրանք հիմնականում ճգնաժամերի, սկսվող եւ չավարտվող հակամարտությունների տեսքով են: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում ասաց ՀՀ նախկին փոխարտգործնախարար Արտակ Ապիտոնյանը: «Դոմինոյի էֆեկտով դրանք շարունակվում են՝ Իրաք, Սիրիա: Միջին Ասիայում է շարունակվում այդ թեթեւ կրակը, Հարավային Կովկասում մեր հակամարտությունը սկսվեց, այժմ Ուկրաինայում է, որտե՞ղ է դոմինոյի հաջորդ քարը՝ կարելի է հաշվարկել, բայց կարծում եմ՝ սա դեռ վերջը չԷ: Ջրապտույտը գնալով ընդլայնում է ավելի մեծ թվով երկրներ եւ ոչ մեկը չի կարողանում այդ ջրապտույտից դուրս գալ: Մենք էլ այդ ջրապտույտի մեջ ընկած երկիր, կարծես՝ մեծ պատկերից փորձում ենք ավելի տեղայնացնել մեր խնդիրները, սակայն իրականում պատկերը շատ ավելի մեծ է»,- ընդգծեց Արտակ Ապիտոնյանը: Ապիտոնյանի խոսքով՝ այս ընդհանուր «ցունամիի» մեջ Հայաստանը գտնվում է «լիբանանացման» փուլում. «Ես մեծ սեր ունեմ Լիբանանի ժողովրդի հանդեպ, ուղղակի անունն օգտագործում եմ՝ որպես մոդել այն երկրի, որտեղ միջազգային դերակատարներն իրենց հարցերը լուծում են երկրի ներսում: Մենք սկսում ենք գնալ այդ ճանապարհով»: Արտակ Ապիտոնյանը խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին՝ նկատեց, որ Արցախը մասնատված է, մեծ մասն օկուպացված է, շրջափակված է, զուրկ է տարրական միջոցներով իրեն ապահովելու հնարավորություններից, եւ օղակը աստիճանաբար ավելի է սեղմվում Արցախի շուրջ. «Սովորաբար նման անցումային իրավիճակներում ի՞նչ են անում երկրները, եթե սպասվում են աշխարհակարգային փփոխություններ, պետք է ուժեղացնել կոշտ ակտիվները, դրանք են՝ պատշպանությունը, անվտանգությունը, պաշտպանական գծերը, ստրատեգիական դաշինքները»: Նա շեշտեց, որ մեր սերնդի վրա դրված է պատասխանատվությունը՝ կանգնեցնելու Հայաստանի աստիճանական հայրենզրկումը, ինչը 150 տարի է՝ շարունակվում է. «150 տարի առաջ մենք բնակչության թվականով համադրելի ենք եղել թաթարների, քրդերի, մենք այսօր սարսափելի հետ ենք: Նման տեմպերում մենք ապագայում տեղ չենք ունենալու տարածաշրջանում, վերածվելու ենք հերթական փոքրամասնության: Արցախը մեր ամենակարեւոր փորձաքարն է, արդյո՞ք մեր սերունդը կբռնի այդ քննությունը՝ տեր կանգնելու Արցախին, պահելու Արցախը»: Արտակ Ապիտոնյանն ասաց, որ եթե Հայաստանը պետք է աշխատի միջազգային կազմակերպությունների հետ, ապա պետք է աշխատի ամենագործուն կազմակերպության հետ, որն այս դեպքում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է. «Վերջին քննարկումները ցույց տվեցին, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում իրականում կան երկրներ, որոնք պատրաստ են վերցնել խնդիրը եւ շարունակել: Ամեն մի միջադեպ պետք է տանել Անվտանգության խորհուրդ: Պետք է այնպես անել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ստիպված լինի արձագանքելու միջադեպերին»:
Comments