top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Եթե այսպես շարունակվի, ապա բավականին ծանր վիճակի մեջ ենք հայտնվելու». Արթուր Խաչատրյան



ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով ադրբեջանցիների կողմից դեկտեմբերի 3-ին Բերձորի ճանապարհը փակելուն, նշեց, որ սա ադրբեջանական հերթական էքսպանսիոնիստական, գաղութատիրական դրսևորումն է՝ կլանելու Արցախը, առանձնացելու Հայաստանից։


«Նրանց այս քայլը սպասելի էր, երբ սկսեցին խոսել Լաչինի միջանցքով զենքի տեղափոխման մասին, թե իբր հայտնաբերվել է 2021 թվականի արտադրության ականներ, կարծես թե այդ ականները միայն Հայաստանն ունի, եթե, իհարկե, նման բան եղել է»,- նշեց Արթուր Խաչատրյանը։


Ըստ նրա, իշխանությունները կարծում են, որ եթե զիջեն Արցախը, ապա կփրկեն Հայաստանը, ինչի մասին վկայում է այդ իրադարձությունների ֆոնին նրանց կրավորական պահվածքը։ Սակայն Ադրբեջանի նպատակը միայն Արցախը չէ, նրա նպատակը նախևառաջ Սյունիքն է և ամբողջ Հայաստանը։


«Կոնկրետ որևէ բան չեմ կարող ասել, բայց այն, որ ճնշումները կմեծանան կոնկրետ Լաչինի միջանցքի հատվածում, դա ակնհայտ է։ Հայաստանի իշխանությունները նոյեմբերի 9-ին ստորագրեցին այդ խայտառակ փաստաթուղթը և նոյեմբերի 10-ից պետք է արդեն սկսեին աշխատել Լաչինի նոր միջանցքի կառուցման ուղղությամբ, այլ ոչ թե ձեռքերը ծալած նստեին։ Եթե այսպես շարունակվի, ապա բավականին ծանր վիճակի մեջ ենք հայտնվելու»,- շեշտեց Արթուր Խաչատրյանը։


Միաժամանակ նա ընդգծեց, եթե Հայաստանն Արցախից հրաժարվում է, ապա հրաժարվում է ինքնորոշման իրավունքից, անվտանգության երաշխավոր լինելու հանձնառությունից։


Լրագրողի հարցին՝ այս ամենի մեջ ընդդիմությունը մեղավոր չէ՞, քանի որ խոստանում էր փրկել Արցախն ու Հայաստանը, Արթուր Խաչատրյանը պատասխանեց, որ Արցախն ու Հայաստանը փրկելու պարտավորությունը բոլոր քաղաքացիներինն է։


«Վստահեցնում եմ, եթե քաղաքացիներն օգտագործեին իրենց բոլոր լծակները կամ մինիմալը, մասնավորապես՝ ովքեր դժգոհ էին, անսային մեր հորդորին ու միանային, ապա իրավիճակն ավելի լավ կլիներ, բայց իրավիճակն անհույս չէ, և հնարավոր է ամեն ինչ փրկել։ Դրա համար այդ մտահոգ քաղաքացիներին կոչ եմ անում աջակցել ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Երբ կոչ անենք դուրս գան փողոց, հավատան ու դուրս գան փողոց»,- հավելեց պատգամավորը։


Այս համատեքստում նա նաև ասաց, որ փողոցային նոր ակցիաներ կլինեն, բայց թե երբ՝ չի կարող ասել։

0 comments

Comments


bottom of page