ԵԱՏՄ-ում բիզնեսի աջակցության գործիք կհայտնվի՝ Եվրասիական վերաապահովագրական ընկերություն. Միշուստին
ԵԱՏՄ-ում բիզնեսի աջակցության եւս մի գործիք կհայտնվի՝ Եվրասիական վերաապահովագրական ընկերություն։ Այս մասին օգոստոսի 26-ին Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Նա պարզաբանել է, որ ընկերությունն ապահովագրական աջակցություն կտրամադրի փոխադարձ եւ արտաքին առեւտրում, կխթանի ներդրումային համագործակցության զարգացումը, արտահանման վարկեր եւ փոխգործակցություն կապահովի վարկային գործակալությունների եւ ապահովագրողների հետ։ «Մենք նախատեսում ենք թողարկել մեր սեփական արժեթղթերը եւ ֆինանսավորել նախագծերը: Եւս մի խնդիր է արդյունաբերական համագործակցության ամրապնդումը եւ սեփական արտադրության ավելի ակտիվ զարգացումը։ Լավ հնարավորություններ է բացում ինդուստրացման քարտեզը։ Այն տեղեկատվություն է պարունակում ավելի քան 150 ներդրումային նախագծերի մասին, որոնցից 27-ն արդեն իրականացվել են, այդ թվում՝ ավտոմոբիլային, քիմիական, մետալուրգիական եւ այլ ոլորտներում։ Արտաքին գործընկերների հետ Միության շրջանակներում առեւտրատնտեսական համագործակցության խորացման նպատակով ՌԴ վարչապետը նաեւ կոչ է արել շարունակել միասնական տրանսպորտային տարածք ձեւավորել՝ միության տարանցիկ ներուժն ամբողջությամբ բացելու համար։ «Այստեղ կարեւոր քայլ է լինելու տրանսպորտի ոլորտում առաջնահերթ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը։ Դրանք կօգնեն Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ միջանցքների զարգացմանը, այդ թվում՝ որպես չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ համակցման շրջանակներում»,- եզրափակել է ՌԴ կառավարության ղեկավարը։
Comments