ԵԱՏՄ-ն կսկսի «Եվրասիական ագրոԷքսպրես»-ով մատակարարումները Հնդկաստան, Իրան, ԱՄԷ և Թուրքմենստան
Հյուսիս-Հարավ միջանցքով պարենամթերքի մատակարարումները կընդլայնվեն դեպի Հնդկաստան, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ և Թուրքմենստան: Դրա շուրջ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
«ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարները պաշտպանել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջարկը՝ «Եվրասիական ագրոէքսպրես» համատեղ ինտեգրացիոն նախագծում ներառել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով փոխադրումները, որոնք իրականացվում են Թուրքմենստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հնդկաստանի Հանրապետության ուղղությամբ:
Եվրասիական միջկառավարական խորհրդի համապատասխան կարգադրությունն ընդունվել է փետրվարի 2-3-ին, Ալմաթիում կայացած նիստի շրջանակներում», - ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Մի շարք տրանսպորտային երթուղիների վերակողմնորոշման հետ կապված՝ զգալիորեն աճել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի պահանջարկը: Ծրագրի շրջանակներում Իրան և Հնդկաստան իրականացվող փորձնական առաքումները հաստատել են ուղղության գրավչությունը: Այստեղ մեր երկրները մեծ ներուժ ունեն իրենց տարանցիկ և արտահանման ներուժն ընդլայնելու համար», - ասել Է ԵԱՏՀ-ի առևտրի գծով նախարար Անդրեյ Սլեպնևը։
«Եվրասիական ագրոէքսպրես» նախագիծն իրենից ներկայացնում է ԵԱՏՄ անդամ պետությունների գյուղատնտեսական արտադրանքի և պարենամթերքի արագացված բեռնարկղային երկաթուղային ու մուլտիմոդալ մատակարարումներ ներքին և արտաքին շուկաներ:
Նախագիծը մեկնարկել է 2022 թ. փետրվարի 25-ին: Ընդհանուր առմամբ, 2022 թ.-ին տեղափոխվել է 525,5 հազար տոննա հավի և տավարի միս, կաթի փոշի, ճարպայուղ, պտուղ-բանջարեղենային և հատիկաընդեղենային արտադրանք, որից 282,9 հազար տոննան՝ արագ փչացող ապրանքներ։
Comments