ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը խոսել է Լաչինի միջանցքի փակման մարդասիրական հետևանքների մասինԱմբողջական հոդված
ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Պեր Ժոան Պոնսը (Իսպանիա) մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հայ բնակիչների կյանքի վրա մարդասիրական ազդեցության վերաբերյալ և կոչ է արել վերսկսել կառուցողական երկխոսություն Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Ես ուշադիր հետևել եմ Լաչինի միջանցքի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ հաղորդագրություններին և խիստ անհանգստացած եմ, ըստ հաղորդագրությունների, տեղի բնակիչների առօրյա կյանքի վրա ազդեցությամբ, քանի որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը սահմանափակված է: Թեև ես բարձր եմ գնահատում հատկապես ԿԽՄԿ-ի ջանքերը Լաչինի ճանապարհին շարունակվող բողոքի հետևանքները մեղմելու ուղղությամբ, ես նաև կոչ եմ անում բոլոր կողմերին ակտիվացնել իրենց ջանքերը՝ իրավիճակին արագ լուծում ապահովելու համար», – ասել է Պոնսը: Փոխնախագահ Պոնսը նաև երկրորդել է ԵԱՀԿ գործող նախագահ Բուջար Օսմանին՝ բոլոր կողմերին կոչ անելով թուլացնել լարվածությունը և ներգրավվել կառուցողական և արդյունավետ երկխոսության մեջ՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության կառուցմանը և հարաբերությունների կարգավորմանը: «Ամեն անգամ, երբ քաղաքական տարաձայնությունները պահպանվում են, և բանակցությունները կարող են հայտնվել փակուղում, մեր կառավարությունները չպետք է կոշտություն ցուցաբերեն և ապավինեն այնպիսի մեթոդների, որոնք մեր քաղաքացիներին կդարձնեն քաղաքական համաձայնության հասնելու մեր անկարողության զոհը,- ընդգծել է Պոնսը:- Մենք պետք է նաև հիշենք, որ որքան երկար է այս վեճը մնում չլուծված, այն ոչ միայն բացասաբար է անդրադառնում փխրուն խաղաղության գործընթացի վրա, այլ նաև խարխլում է տարածաշրջանում ապագա խաղաղ գոյակցության հիմքերը»:
Comments