ԵԱԶԲ ներկայացուցիչները շրջայց են կատարել «Երեմյան Փրոջեքթսի» նոր կառուցվող ֆերմայում

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ներկայացուցիչները շրջայց են կատարել «Երեմյան Փրոջեքթսի»՝ Լոռու մարզի Տաշիր համայնքում նոր կառուցվող ֆերմայում։ «Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի և Ընկերության Ներդրումային նախագծերի ղեկավար Ավետիք Գևորգյանի ուղեկցությամբ ԵԱԶԲ-ի Կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Դենիս Իլյինը, ԵԱԶԲ հայաստանայան ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանը շրջել են անասնապահական համալիրի տարածքում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, քննարկել ֆերմայի գործունեությանը վերաբերող հարցեր։ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի խոսքով ՝ ֆերմայում այս պահին շինարարական ակտիվ փուլ է, և ֆերման այս տարի կհանձնվի շահագործման. «Այս նախագիծն աննախադեպ է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար, որովհետև նման ծավալի խոշոր ներդրում հենց այս ոլորտում երբևէ չի իրականացվել, և նման մոդելով ու տեխնիկական հագեցվածությամբ ֆերմաներ Հայաստանում չեն գործում։ 2019 թվականից մենք գործում ենք փակ ցիկլով և «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, ինչի շնորհիվ մենք վերահսկում ենք սննդի արտադրության ամբողջ շղթան։ Այսօր էլ մեր նպատակը պարենային անվտանգության ապահովումն է, ինչպես նաև Հայաստանում օրինակելի գյուղատնտեսության զարգացումն ու տնտեսվարությայն նոր մշակույթի ներդնումը։ Վստահ եմ, որ Տաշիրում կառուցվող մեր նոր ֆերման կդառնա այդ օրինակը, և մենք կունենանք միանգամայն նոր ստանդարտներով գյուղատնտեսության ու անասնապահության ոլորտներ։ Ես հույս ունեմ, որ մոտ ժամանակներում մենք կունենանք բարձրորակ կաթնամթերքի սպառման նոր մշակույթ, ինչն առաջին հերթին կարևոր է սննդի անվտանգության տեսանկյունից»,- նշել է Դավիթ Երեմյանը։ «Կառուցվող ֆերման և դրա ենթակառուցվածքները ԵԱԶԲ-ի առաջնային ծրագրերից են Հայաստանում»,- շեշտել է ԵԱԶԲ-ի Կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Դենիս Իլինը, և հավելել. «Մեր խնդիրն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում ագրոարդյունաբերական հատվածի աճին և՛ բիզնեսի զարգացման, և՛ բնակչության համար անհրաժեշտ քանակությամբ որակյալ մթերքի արտադրության առումով: Սա Հայաստանի ԵԱԶԲ ռազմավարության առանցքային առաջնահերթությունն է և Եվրասիական ապրանքաբաշխիչ ցանցի մեգանախագծի բաղադրիչը: Բացի այդ, տվյալ նախագիծն իր չափանիշներով և մասշտաբներով աննախադեպ է, ուստի մենք առանձնահատուկ ուշադրությամբ ենք հետևում դրան յուրաքանչյուր փուլում»։ Լոռու մարզի Տաշիր համայնքում կառուցվող խոշոր անասնապահական համալիրի մակերեսը 29 հեկտար է, որը ներառելու է 1200 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների և 580 գլուխ մայրացուխոզերի համար նախատեսված ֆերմաներ, սպանդանոց երկու ֆերմաների համար, կերախառնուրդի պահեստ, կերային կուլտուրաների աճեցման համար նախատեսված հողատարածք, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի։ ֆերման համապատասխանեցված է լինելու արտադրության և որակի սահմանված միջազգային չափանիշներին։ Ֆերման ունենալու է նաև կերի պատրաստման հատված և պահմպանման մեծ բունկերներ։ Ավտոմատացված են լինելու կերակրման, գոմաղբի հեռացման և կիթի գործընթացները։ Կիթն իրականացվելու է շրջանաձև պտտվող կարուսել տեսակի ժամանակակից կթարանում, որը հնարավորություն է տալու կազմակերպել միաժամանակ 40 գլուխ եղջերավորի կիթը։ «Երեմյան Փրոջեքթսի» նոր ֆերման նման մոդելով ու մասշտաբներով առաջին սմարթ ֆերման է Հայաստանում։ Նշենք, որ այս նախագծի ներդրումային ընդհանուր արժեքը 31,6 մլն ԱՄՆ դոլար է։
Comments