Դումանյանը հյուրընկալել է գործարար Մայքլ Ֆայնբերգին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է «Netcracker Technology» ընկերության փոխնախագահ և համասեփականատեր Մայքլ Ֆայնբերգին:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և «BostonGene- Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Սարգիս Գևորգյանը:
Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է հյուրին՝ հույս հայտնելով, որ հանդիպման արդյունքում փոխշահավետ ու արդյունավետ համագործակցություն կծավալվի բարձր տեխնոլոգիաների բնագավառում գործող «Netcracker Technology», «BostonGene- Հայաստան» ընկերությունների և հայաստանյան բուհերի միջև:
«Ուրախ ենք, որ նախատեսվում են ներդրումային ծրագրեր և փոխգործակցություն կրթական ոլորտի հետ: Հնարավորինս կաջակցենք, որպեսզի նախագծերը հաջողությամբ իրագործվեն»,- նշել է նախարարը:
Մայքլ Ֆայնբերգն ասել է, որ առաջին անգամ է Երևանում, սակայն արդեն իսկ տպավորված է. «Հայաստանը փոքր պետություն է, որի զարգացման հիմնական հենքը մարդկային ռեսուրսն ու մտավոր ներուժն են: Մենք տեղյակ ենք, որ հայ երիտասարդները շատ խելացի և տաղանդավոր են, ուստի ցանկություն ունենք համագործակցելու և կրթական ծրագրեր իրականացնելու գիտակրթական կենտրոնների հետ»:
Նշենք, որ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում գործող «Netcracker Technology» ընկերությունը մասնաճյուղեր ունի աշխարհի 56 երկրներում: Ընկերությունը Հայաստանում նախատեսում է հիմնել հետազոտության և զարգացման ընկերություն: «BostonGene»-ը գործում է կենսաբժշկական համակարգչային ծրագրերի (software) ստեղծման բնագավառում: Ընկերությունն իրականացնում է ուռուցքների և ուռուցքային միկրոմիջավայրերի համապարփակ ինտեգրված գենոմային (WES) և տրանսկրիպտոմիկ (RNA-seq) թեստավորում, որը բժիշկներին տրամադրում է անհրաժեշտ տեղեկություն անհատական բուժման ծրագիր մշակելու համար:
Ընկերությունն արդեն Հայաստանում է և նախատեսում է նաև վերապատրաստման ծրագրեր իրականացնել հայկական բուհերի հետ: