Search

Դիլիջանում մեկնարկել է «Մատենա» դպրոցի՝ «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում» ծրագիրը


Հունիսի 4-ին Դիլիջանում մեկնարկեց «Մատենա» միջազգային դպրոցի՝ «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում» թեմայով համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման ծրագիրը, որում ընդգրկված են ավելի քան երկու տասնյակ պաշտոնյաներ՝ համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ և համայնքային այլ պաշտոնյաներ Հայաստանի 15 համայնքներից։ Ծրագիրը համատեղ մշակվել է «Մատենա» և «Սկոլկովո» դպրոցների կողմից, որի նպատակն է էականորեն զարգացնել համայնքային պաշտոնյաների մասնագիտական և առաջնորդության կարողությունները։ Ծրագիրն իր համակողմանիությամբ ու խորքային բնույթով բացառիկ է համարվում ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի մունիցիպալ կառավարման համակարգերի համար: Առաջին մոդուլի եռօրյա ուսուցումների ընթացքում մասնակիցները համապարփակ գիտելիքներ կստանան ժամանակակից մունիցիպալ կառավարման, համայնքի ղեկավարի դերի, բարդ իրավիճակներում թիմը ղեկավարելու կարողության, թիմում ռազմավարական որոշումներ կայացնելու մեթոդների, հաջողության հիմնական գործոնների, արդյունավետ թիմի ձևավորման և կառավարման, արտաքին և ներքին հաղորդակցության առանձնահատկությունների և այլ կարևոր հմտությունների վերաբերյալ։ «Համայնքների խոշորացումը լուրջ փոփոխություններ է առաջացրել կառավարման, համայնքներում զարգացման ծրագրերի իրականացման առումով: Եվ հատկապես այս փուլում կարևոր է համապատասխան գիտելիք և փորձ փոխանցել համայնքների ղեկավարման համար պատասխանատու անձանց, ինչը նրանց կօգնի նոր իրավիճակում նոր խնդիրներին ճիշտ լուծումներ գտնել ու այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնք իսկապես ուղղված կլինեն համայնքներում կյանքի որակի փոփոխությանը: Երկրի հաջողությունը մեծապես կախված է կառավարման համար պատասխանատու կադրերի որակից: Իսկ զարգացած համայնքները զարգացած երկրի հիմքն են»,- ընդգծել է «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր, UWC Դիլիջան միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը։ Ծրագիրը բաղկացած է երեք մոդուլից, ինչպես նաև ընդգրկում է վարպետության դասեր, քոուչինգի և մասթերմայնդի քննարկումներ: Բացառիկ բաղադրիչներից է նաև անհատական լավագույն նախագծերի համաֆինանսավորումը։ Համայնքային այն պաշտոնյաները, որոնք ծրագրի ավարտին կներկայացնեն համայնքի զարգացման իրենց նախագիծը՝ լավագույնս կիրառելով «Մատենայի» և «Սկոլկովոյի» փորձագետներից ստացած գիտելիքն ու հմտությունները, այդ նախագիծն իրականացնելու համար կհամաֆինանսավորվեն «Մատենայի» կողմից։ Հաջորդ երկու մոդուլները տեղի կունենան հուլիսին և օգոստոսին՝ համապատասխանաբար Երևանում և Մոսկվայում՝ «Սկոլկովո» կառավարման դպրոցում: «Շատ դժվար է աշխարհի որևէ կառավարման դպրոցում գտնել համայնքային ղեկավարների համար այս մակարդակի կրթական ծրագիր, առավել ևս՝ ծրագիր, որը միջազգային առաջավոր փորձի փոխանցումից բացի հատուկ մշակված է և լավագույնս հաշվի է առնում Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի առանձնահատկությունները: Կարևոր է, որ ծրագրի մասնակիցները ոչ միայն լսելով են սովորելու, այլև գործելով, որովհետև ծրագրի ավարտին մասնակիցներն ստացած գիտելիքի և հմտությունների հիման վրա ներկայացնելու են իրենց համայնքն առավել արդյունավետ կառավարելու նախագծեր, որոնցից լավագույնները «Մատենան» համաֆինանսավորելու է»,- նշել է «Մատենայի» համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը: «Հետազոտությունները ցույց են տալիս, որ ժամանակակից գիտելիք ստանալու մեծ պահանջարկ կա։ Կառավարչական իրավասությունների զարգացման, թիմերի և տարածքային կառավարման վերաբերյալ նոր գիտելիք փոխանցող այս ծրագիրը շատ կարևոր է պետական կառավարման որակի և արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Մասնակիցների շրջանում մեծ հետաքրքրություն ենք տեսնում զարգացման ծրագրերի վերաբերյալ: Հուսով ենք, ծրագիրը կհամապատասխանի Հայաստանի համայնքային պաշտոնյաների պահանջներին»,- նշել է «Սկոլկովո» կառավարման դպրոցի պրոֆեսոր Մարինա Վելդանովան։

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png