Search

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են սկսվել


Մեկ ամիս առաջ մեկնարկել են Դիարբեքիրի կենտրոնական Սուր շրջանում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Այս անգամ վերանորոգումը ձեռնարկել է Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը։ Սուրի թաղապետ Աբդուլլահ Շիֆթչին հայտարարել է, որ այդ շրջանում գտնվող 4 եկեղեցիների համար ընդհանուր 30 միլիոն թուրքական լիրա (շուրջ 5 մլն դոլար) է հատկացվել։ Նախատեսվում է, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2020թ․ վերջին։

Ավելի վաղ՝ 2011թ․ երկարատև լքվածությունից հետո եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել էր եկեղեցու հիմնադրամի և Դիարբեքիրի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։ Սակայն 2015թ․ վերջին և 2016թ․ առաջին կեսին Սուրում տեղի ունեցած բախումների ընթացքում և դրանցից հետո եկեղեցին հայտնվել էր կիսավեր վիճակում։ Շինության պատերին խոշոր անցքեր էին գոյացել, տանիքը վնասվել էր։

Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376-ին։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնական՝ հայաշատ Ֆաթիհփաշա թաղամասում։ Մինչև «Տեղահանության օրենքի» հապարակումը՝  1915թ․ մայիսի 27-ը, եկեղեցին շահագործվել է հայերի կողմից։ Հայոց ցեղասպանության հետևանքով լքված այս աղոթատեղին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում որպես ռազմական շտաբ է ծառայել, իսկ ավելի ուշ թուրքական «Sümerbank»-ի կողմից օգտագործվել  որպես բամբակի պահեստ։

Շուրջ 3․000 քմ տարածք զբաղեցնող եկեղեցին վերաբացվել էր 1960-ականներին, սակայն 1980-ական թվականներին շրջանում բնակվող հայերի թվի խիստ պակասելու հետ այն կրկին բարձիթողի վիճակում էր հայտնվել։ Գանձախուզների թիրախում հայտնված պատմական կառույցը ժամանակի ընթացքում լուրջ վնասներ էր կրել։ Եվ միայն 2011թ․ տեղի հայերի ջանքերով վերանորոգվել և վերաբացվել էր։ Իրենց կրոնին ու ազգային ինքնությանը վերադարձած մեծ թվով հայերի համար կարևոր հավաքատեղի դարձած Սուրբ Կիրակոս եկեղեցին 2015-2016թթ․ Թուրքիայի ներքին քաղաքական բախումների պատճառով բավական երկար ժամանակով կրկին փակվել էր և անհասանելի դարձել հայ համայնքի համար։



Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia