Դատարանը բավարարել է Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը
- Anews
- Feb 10, 2023
- 1 min read

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին հաղորդեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Նշենք, որ Վիգեն Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Ըստ իրավապահների՝ նա 2018 թվականի հունվարին պաշտպանական գերատեսչության հաշվեկշռում գտնվող շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գործողություններ: Դատախազությունը վարույթն իրականացնող մարմնին հանձնարել է միջոցներ ձեռնարկել Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու ուղղությամբ: Մեղադրանքի առնչությամբ Վիգեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել, նշելով, որ իր նկատմամբ այդպիսով իրականացվում է քաղաքական հետապնդում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում, ինչպես դա արդեն բացահայտորեն արվում է տարիներ շարունակ բոլոր ընդդիմադիրների նկատմամբ: «Հրապարակե՛ք բնակարաններ ստացածների ցանկն` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են: Նողկալի է»,- գրել էր նախկին նախարարը:
Comments