Search

Դավիթ Գևորգյանը դարձավ հավերժի ճամփորդ



Չարաբաստիկ պատերազմը խլեց հազարավոր հայորդիների կյանքը: Նրանցից մեկը Դավիթ Ռոբերտի Գևորգյանն էր: Նա կռվեց և ընկավ հերոսի մահով:

Դավիթը ծնվել է Երևանում 2001 թվականի հունիսի 17-ին: Սովորել է Լև Տոլստոյի անվ. 128 հիմնական դպրոցում 2007-ից 2016 թվականներին: Ավարտելով հիմնական դպրոցը ընդունվել է «Հայբուսակ» բազային քոլեջի «Ատամնատեխնիկական գործ» բաժինը: 2019 թ.-ին ընդունվել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի Բժշկական ֆակուլտետի «Բնագիտություն և բնապահպանություն» բաժինը: Նույն թվականի հուլիսի 1-ին զորակոչվել է Հայկական բանակ: Ծառայել է Արցախի Հադրութ քաղաքի #38401 զորամասում:


2019 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում վերապատրաստվել է որպես բուժակ (ֆելդշեր), այնուհետև վերադարձել Արցախի զորամաս ու շարունակել ծառայայությունը որպես բուժակ (ֆելդշեր) III գումարտակի VII վաշտում:

Բարեխիղճ ծառայության համար Դավիթ Գևորգյանը արժանացել է սերժանտի զինվորական աստիճանին: Ինչպես փաստում են նրա հրամանատարներն ու ծառայակիցները՝ դիրքի ավագ Արամ Միդեյանը, կապավոր Լևոն Դուրյանը և այլոք, անդավաճան կատարելով իր անմիջական պարտականությունները 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում օգնություն է ցույցաբերել վիրավորներին՝ փրկելով բազմաթիվ կյանքեր (Աշոտ Խաչատրյան, Վահագն Մամիկոնյան, Գրիշա Վարդանյան և այլոք, մոտ 40 հոգի): Նրա շնորհիվ շատ անդամալույծներ կարողացել են քայլել և շարունակել պայքարը:

2020թ. հոկտեմբերի 26-ին Արցախի հարավ-արևելյան սահմանին 103-րդ դիրքի վրա կատարված հարձակման ժամանակ ծանր վիրավոր Աշոտ Խաչատրյանին խրամատից ապահով վայր տեղափոխելիս չի լքել նրան, երբ շարունակվել է արկերի տեղատարափը, և բազմաթիվ կամավորներ փախել են տարբեր ուղղություններով: Այնուհետև ծանր վիրավորին ու ֆելդշերին օգնելու են շտապել կամավոր Գարեգին Չախալյանը և Վանուշ Մելոյանը: Հերթական արկի հարվածային ալիքից վիրավորը մի կողմ է շպրտվել՝ ողջ մնալով, իսկ նրան փրկող ֆելդշերն ու երկու զինվորները զոհվել են:

Հերոսների մարմինները ՀՀ կառավարության անպատասխանատու վարքագծի արդյունքում երկար ժամանակ չեն հանձնվել ծնողներին: Միջազգային կարմիր խաչի շնորհիվ Դավիթի մարմինը Հայաստան է տեղափոխվել 2020թ. դեկտեմբերի 15-ին:


Դավիթ Գևորգյանը հուղարկավորվել է 2021թ. փետրվարի 11-ին Եռաբլուրում: Արցախի Հանրապետության սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Դավիթն ազնիվ, խոհեմ և բարի երիտասարդ էր, ով իր մեջ ամփոփում էր հայ ժողովրդի լավագույն հատկանիշները՝ հայրենիքը կառուցելու և պաշտպանելու ձգտումը: Նա ընկավ հանուն հայրենիքի, նա ընկավ հանուն արժանապատվության, նա ընկավ հանուն մեր վաղվա օրվա:

Դավիթը սիրում էր ստեղծագործել, 6-րդ դասարանում գրված «ԳԱՐՈՒՆ» բանաստեղծությունը ցույց է տալիս նրա կենսախնդությունն ու կոչը, լավատեսությունն ու բնության զարթոնքը.

Եկել է գարուն,

Բոլորն են արթնանում,

Ծաղիկների հետ մեկտեղ

Մարդիկ են զարթնում:

Բոլորն են բակերում

Անընդհատ խաղում,

Փողոցներում ուրախություն է տիրում.

-Հե՜յ վեր կացե՛ք

Ձեր քնից, ուրախացե՛ք՝

Գարուն է եկել…

Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմական դպրոցում Դավիթ Գևորգյանի և դպրոցի շրջանավարտ զոհված զինծառայողների պատվին ստեղծվել է դասարան- թանգարան, իսկ տնօրեն Անահիտ Ուզունյանը գրել է բանաստեղծություն իր սիրելի սաներին նվիրված, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ: Լիաննա Անդրիասյանի շնորհիվ խոսքերը վերածվեցին երգի, այն հրաշալի կատարում է հայտնի երգչուհի Սոնա Շահգելդյանը:

«Երգս ծնվեց տառապանքից, խելագարության հասցնող կորստից ու ցավից»,- գրել է 128 դպրոցի տնօրեն Անահիտ Ուզունյանը:


Փառք քեզ հերոս, փառք մեր բոլոր զոհված հերոսներին: Հավերժ փառք և խոնարհում:




Աստղիկ Ավետիսյան

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին

Այլևս միայն նրանց պաշտելի առաջնորդը չի լինի պաշտպանված, նույն «ժողովրդից». Ավետիք Իշխանյան

Գրենլանդիայում անսովոր տաք ջերմաստիճանի պատճառով սառցե ծածկույցի զանգվածային հալոցք է տեղի ունենում

Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար

Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել

Թրամփին կվերադարձվի 1 միլիոն դոլար Չիկագոյում երկնաքերի հարկերի դիմաց

Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png