Search

Դավթաշենում խախտումներ չեն արձանագրել. ստուգայցերը շարունակվում են


Երևանի Դավթաշեն վարչական շրջանում այսօրվա ստուգայցի արդյունքում որևէ տնտեսավարողի կասեցման միջնորդություն չի ներկայացվի պարետին․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցն այսօր կրկին այս վարչական շրջանում էր՝ տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը դիտարկելու նպատակով։ ԱԱՏՄ մասնագիտական թիմն արձանագրել է, որ նախորդած իրազեկման, մշտադիտարկման, և ինչու ոչ, նաև կասեցման աշխատանքները հանգեցրել են տնտեսավարողների կողմից պարետի սահմանած նորմերն առավել բարեխղճորեն և ճշգրիտ պահպանելուն։ Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են․ դրանց արդյունքները ևս լավատեսական են՝ խախտումները զգալիորեն նվազել են։ Դա է փաստում նաև արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվող՝ տնտեսավարողների կասեցման միջնորդությունների թվի նվազումը։ Ցավոք, սակայն, դեռ կան նաև կրկնախախտման դեպքեր, երբ ստուգայցից հետո ԱԱՏՄ «Թեժ գծով» ահազանգ է ստացվում, որ կասեցումից հետո շարունակում են որոշ նորմեր չպահպանվել։ Այսօրինակ դեպքերում առավել խիստ մոտեցում է կիրառվում՝ 24 ժամի փոխարեն գործունեության արգելքի 48 և 72 ժամյա կասեցումներ։ Արձանագրվող ամենալուրջ խախտումներն առնչվում են տնտեսավարողների մոտ դիմակ չկրելուն կամ պատշաճ չկրելուն, ախտահանման թերություններին, մարդկային կուտակումներին, դրանց չկառավարմանը, ջերմաչափմանը, փակվող աղբամանների առկայությանը և այլն։ Ատամնաբուժարաններում խախտումներն առավելապես վերաբերում են մանրէազերծման, նախամանրէազերծման, բժշկական թափոնների վերացման գործընթացներին։ ԱԱՏՄ-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մեծաթիվ են խախտումները նաև գեղեցկության սրահներում․ այստեղ կանոնների չպահպանումը ռիսկային է հատկապես այն առումով, որ հաճախորդն ու աշխատողը միմյանցից շատ փոքր հեռավորության վրա են գտնվում, ինչը վարակվելու հավանական ռիսկը մեծացնում է։ Խախտումներ թույլ տված տնտեսավարողների գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություն է ներկայացվում ՀՀ պարետին։ Անվտանգության կանոնների պահպանումն այլընտրանք չունի, այլապես կհետևեն վարչական պատասխանատվության միջոցներ։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia