Դասղեկները կստանան հավելավճար․ ԿԳՄՍՆ
Ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման նոր կարգի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ դասղեկների վարձատրության համար առաջարկվել է կիրառել 10-20 տոկոս հավելավճար` ըստ դասարանում աշակերտների թվի: Լուրը հայտնում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` հավելելով, որ նախարարությունում կայացած քննարկմանը մասնակցել են մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։
Միաժամանակ նոր կարգի անցումային դրույթներով նախատեսվում է, որ եթե ֆինանսավորման նոր կարգի գործարկման պահին դպրոցներում առկա դրույքաչափերն ավելի բարձր են, քան նախատեսվում է նոր կարգով, ապա պահպանվում է ավելի բարձր աշխատավարձը:
Համաձայն նախագծով առաջարկվող բանաձևի՝ ֆինանսավորման հաշվարկման համար հիմք են հանդիսանում մի շարք տվյալներ, այդ թվում դասարանների տարեկան միջին թիվը, մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների միջին թիվը, նվազագույն աշխատավարձը, տարբեր տիպի լրավճարներ և այլն:
Համաձայն նախագծի` առանձին մոտեցմամբ է կատարվելու հատուկ և մասնագիտացված դպրոցների ֆինանսավորումը` հաշվի առնելով գիշերակացի և սննդի կազմակերպման հարցերը:
Նշենք, որ ֆինանսավորման նոր կարգն ուժի մեջ է մտնելու 2021 թվականից: Ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման նոր կարգի լրամշակումն ու հանրային քննարկումները շարունակվում են:
Comments