Դանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ արտաքսում է ռուսաստանցի 15 դիվանագետի

Դանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ արտաքսում է ռուսաստանցի 15 դիվանագետի, որոնց «հետախույզներ» է անվանել։ Նախարարությունում տեղեկացրել են, որ Ռուսաստանի դեսպանը տեղեկացված է եղել այս որոշման մասին։ Հայտարարությունում նշվել է, որ Դանիան վճռականապես դատապարտում է «Ռուսաստանի դաժանությունը Բուչայում ուկրաինացի խաղաղ բնակիչների հանդեպ»։ Ընդգծվել է, որ «միտումնավոր հարձակումները խաղաղ բնակիչների վրա ռազմական հանցագործություն են», տեղեկացրել է AP-ը։ Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները Դանիայից հեռանալու համար երկու շաբաթ ժամանակ ունեն։ Արտաքին գործերի նախարար Յեպե Կոֆոդն ասել է, որ «նրանք սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգությանը, ինչը մենք անտեսել չենք կարող»։ Այդ քայլը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ Ֆրանսիան եւ Գերմանիան երկուշաբթի օրը հայտարարել էին տասնյակ դիվանագետների արտաքսելու մասին։ Ֆրանսիան նախատեսում է արտաքսել 35 մարդու։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը վկայակոչել է ազգային անվտանգության նկատառումները՝ հայտարարելով, որ ռուսաստանցի դիվանագետները «անվտանգության շահերին հակասող գործունեություն» են վարել։