top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Գրագետ PR մասնագետները Հայաստանում պահանջված են. Աստղիկ Ավետիսյան


Վերջին տարիներին Հայաստանում արագ զարգացում է ապրում PR ոլորտը: Հանրային կապերի մասնագետներն աշխատաշուկայում շարունակում են պահանջված մնալ: Դասական դարձած մասնագիտությունների հետ մրցակցության մեջ է մտնում նաև PR կրթությունը: Յուրաքանչյուր տարի նոր PR սերունդ է կրթում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը:

Այստեղ գործող «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրը լրագրողական բազային կրթությունից հետո հանրային կապերի մասնագետ դառնալու հնարավորություն է տալիս: Հետաքրքրված դիմորդներ լինում են նաև այլ բուհերից ու ֆակուլտետներից: 

Մագիստրոսական ծրագրի հնարավորությունների մասին խոսել ենք ծրագրի ղեկավար, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի հետ:

-Ե՞րբ է հիմնադրվել ծրագիրը և ո՞ր երկրի կրթական փորձն եք ուսումնասիրել դրա համար: 

-«PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրը 2011/12 ուս տարվանից է սկսել իր աշխատանքը, ծրագիրը կազմելուց, բնականաբար, հաշվի ենք առել ամերիկյան և եվրոպական դպրոցի փորձը և, իհարկե, ակադեմիական ծրագրերը: Դրանք, անշուշտ, տեղայնացվել են և ինտեգրվել Ժուռնալիստիկայի ֆակուլտետի կրթական ծրագրում:

Առաջին ուսումնական տարվա ծրագիրը մեզ համար պիլոտային էր, ինչը հնարավորություն տվեց հասկանալու մասնագիտության անհրաժեշտության, դիմորդների պահանջների, մասնագետ-դասախոսների առկայության, նրանց հետ բանակցելու և ԵՊՀ հրավիրելու, ինչպես նաև կրթական ծրագիրը հավուր պատշաճի իրականացնելու:  

-Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվել դասախոսական և ծրագրային կազմի ընտրության ժամանակ:

-Մեզ համար դժվար չէր գտնել դասախոսներ, որովհետև ժուռնալիստիկայի ֆակուլտետի շատ դասախոսներ համատեղությամբ տարբեր պետական գերատեսչությունների PR պատասխանատուներ են կամ համապատասխան բաժնի, վարչության աշխատակիցներ, ինչպես նաև տարբեր ոլորտներում զբաղված են հանրայի կապերով: Հաշվի ենք առնում աշխատանքային փորձը, ոլորտում ունեցած մասնագիտական հմտությունը, լսարանի հետ հաղորդակցվելու կարողությունը:  Յուրաքանչյուր տարի ուսանողների հետ ֆոկուս խմբեր ենք ստեղծում, SWOT վերլուծություն իրականացնում, որի արդյունքում տարվա ընթացքում առաջացած խնդիրները շտկվում են, թույլ կողմերը ուժեղացվում: Սա ամենօրյա աշխատանք է, ծրագրում մեկ դասընթացը կարող է երկու տարի մեծ պահանջարկ ունենալ, հետո կորցնել արդիականությունը: PR այն մասնագիտությունն է, որտեղ ամեն օր նորություն կա և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր տարի կարող ենք արձանագրել և՛ ծրագրային, և՛դասախոսական կազմի փոփոխություններ:

-Հանրության հետ կապերի մասնագետի համար շատ կարևոր է գիտելիքներ ու փորձ ձեռք բերել հենց պրակտիկ դաշտում դրսևորվելով: Դասընթացների քանի՞ տոկոսն է կազմում պրակտիկ մասը և քանիսը՝ տեսականը: Ծրագիրը կազմելիս այս ուղղությամբ որևէ խնդիր դրե՞լ եք Ձեր առջև:

-Ինչպես լրագրության բակալավրիատում, այնպես էլ PR մագիստրոսական ծրագրում նախընտրելի ենք համարում 40/60 հարաբերակցությունը, որոշ դասընթացների դեպքում` 30/70: Գործնական դասաժամերն արդյունավետ կազմակերպելու համար հրավիրվում են պրակտիկ, ոլորտի առաջատար մասնագետներ: Միանշանակ կարող ենք ասել, որ այս ծրագրում ինտերակտիվ ուսուցում է կազմակերպվում: Յուրաքանչյուր դասընթաց իր յուրահատուկ մոտեցումն է պահանջում, մեր բախտը բերել է, որ դասախոսական կազմում ընդգրկված մարդիկ, իսկապես, իրենց ոլորտի արհեստավարժ մասնագետներ են և տեսական գիտելիքը փոխանցելուց մեծ ուշադրություն են դարձնում նաև հմտություն փոխանցելու գործընթացի վրա, բացի այդ կազմակերպվում են այցելություններ տարբեր խոշոր ընկերություններ, գերատեսչություններ ծանոթանալու համապատասխան բաժինների աշխատանքներին:


-Աշխարհը մեծ արագությամբ զարգանում է, իսկ PR-ը գերազանցում է նույնիսկ այդ արագությունը: Հաշվի առնելով սա՝ կիրառու՞մ եք նորագույն տեխնոլոգիաներ և նոր դասավանդման մեթոդներ կրթական գործընթացում:

-Այլ կերպ լինել չէր կարող, քանի որ մեր դասընթացների ծրագրում ակտիվ ուսուցման բաղադրիչը մեծ է, բնականաբար, թվային հմտությունները ինտեգրված են: Դասընթացների ժամանակ դասախոսները տարբեր մեթոդներ են կիրառում: Նախ՝ ինֆորմատիվ և պրոբլեմահենք դասախոսություն, ապա՝ խմբային աշխատանքներ, իրավիճակների վերլուծություն, մտագրոհ, մասնագիտական տեսանյութերի դիտումներ, դերախաղերի իրականացում, ինչպես նաև՝ սոցիալական ցանցերում ուսանողների հետ աշխատանքը կազմակերպելու անհրաժեշտությամբ տեղեկատվության փոխանցում:  Հաճախ կիրառվում է նաև «շրջված լսարանի» մեթոդը: Այսօր բոլորն ունեն սմարթֆոն, բարձրորակ ինտերնետ, համալսարանում առկա են համապատասխան լսարաններ, որտեղ և անցկացվում են դասերը:

-Արդյո՞ք ունեք վիճակագրություն, թե ծրագրի շրջանավարտների քանի տոկոսն է աշխատում ձեռք բերած մասնագիտությամբ:

-Յուրաքանչյուր տարի իրականացվում են ներքին ուսումնասիրություններ, մեր դիտարկմամբ շրջանավարտների 92 %-ը աշխատում է:  Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրական կրթությունն ապահովում է բազային լավ գիտելիքներ, հետագայում արդեն մասնագիտանալով PR ոլորտում մեր ուսանողները գործատուների համար դառնում են պահանջված և գրավիչ: Մեր ուսումնասիրությամբ չեն աշխատում միայն այն շրջանավարտները, ովքեր անձնական խնդիրներով պայմանավորված չեն կարողանում աշխատել՝ ամուսնացած են, բալիկ ունեն, երկրից են մեկնել և այլն: Ի դեպ, պետք է արձանագրենք, որ PR մագիստրոսական ծրագրի շրջանավարտները հեշտ են ինտեգրվում տարբեր ոլորտների աշխատանքներում: Եվ սա մեզ համար հաջողված փորձ է:

-Նման վիճակագրության կարիք կա՞:

-Վիճակագրությունը մեզ համար կարևորվում է, որովհետև այն մեզ հնարավորություն է տալիս էլ ավելի ուժեղանալու և, միաժամանակ, գործատու-ԲՈՒՀ հարաբերությունները ամրապնդելու, ինչպես նաև ժամանակի զարկերակը զգալու համար: 

-Ուսանողներն ունենու՞մ են պրակտիկայի հնարավորություն: 

-Սկսած առաջին կուրսից ուսանողները պրակտիկ գիտելիքների և հմտությունների ստացման գործընթացում են: Նրանց առաջարկվում են տարբեր կազմակերպություններ և կառույցներ, որտեղ դասից հետո կարող են պրակտիկ գործունեությամբ զբաղվել, սա կամավոր հիմունքներով է, և ուսանողն ինքն է որոշում իրեն բավարար է լսարանային պրակտիկ հմտությունը, թե լրացուցիչ կարող է փորձել իր ուժերը: Պետք է արձանագրենք նաև, որ արդեն ուսումնառության շրջանում ուսանողների մեծ մասն աշխատում է:

-Հայաստանյան աշխատաշուկան ունի՞ հանրային կապերի մասնագետների պահանջարկ:

-Հաղորդակցության ոլորտի ներկայացուցիչները դառնում են աշխարհի ամենապահանջված մասնագետները, որովհետև յուրաքանչյուր երևույթ, իրավիճակ, աշխատանք, նախաձեռնություն, ներկայացնելու համար շատ կարևոր է, թե ինչպե՞ս ենք ներկայացնում, ո՞ւմ ենք ներկայացնում և ի՞նչ խողովակներ ենք օգտագործում: Հանրային կապերի հիմքում հաղորդակցությունն է, իսկ հաղորդակցությանն առնչվող յուրաքանչյուր բան միշտ թրենդային է: Հայաստանում շատ ոլորտներում հաղորդակցության ճգնաժամ է, և դրա հիմնական պատաճառներից մեկն այն է, որ աշխատում են ոչ մասնագետներ: Մեր դիտարկումները ցույց են տվել, որտեղ աշխատում են հանրային կապերի ու հաղորդակցության կրթված մասնագետներ, այնտեղ հաջողությունն արձանագրված է: Միանշանակ, գրագետ PR մասնագետներն Հայաստանում պահանջված են:

-Ըստ Ձեր ուսումնասիրությունների ու կանխատեսումների՝ ո՞ր ուղղություններով է զարգանում PR ոլորտն աշխարհում ընդհանրապես և Հայաստանում՝ մասնավորապես: Ի՞նչ պատկեր կունենանք տարիներ անց՝ հաշվի առնելով նաև այս ոլորտում կրթության հնարավորությունները:

-Թվային տեխնոլոգիաները PR ոլորտի մասնագետների համար հեղափոխություն են իրականացրել, եթե մինչ այդ մեդիահարաբերություններն էին առաջնային տեղում, ապա այսօր թվայնացումը միքսել է շատ մասնագիտություններ և մասնագետների աշխատանքներ: Ամեն օր և ամեն վայրկյան այս ոլորտը զարգանում է, և մասնագետները կանգնում են լուրջ մարտահրավերների առաջ: Հաղորդակցության ստեղծման համար այլևս տարածությունն էլ ոչինչ է, թվային տեխնոլոգիանները բոլորին մոտեցրել են, տեղեկատվությունը շատ արագ հասնում է թիրախային լսարանին և ամեն ինչ շատ արագ զարգանում է: Հայաստանն այսօր պետք է փորձի քայլել աշխարհի զարգացումներին համընթաց: Ինձ համար առաջնայինը որակյալ կրթությունն է, որը պետք է գերակա դառնա, լիահույս եմ, որ կգա մի ժամանակ, որ բոլորն իրենց գործով կզբաղվեն և մասնագետներն էլ կգնահատվեն: «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրն իր առջև հենց այս խնդիրն է դրել՝ կրթել, զարգացնել, փոխանցել հմտություններ և աշխատաշուկայում դիրքավորվել որպես լավագույն մասնագետների համայնքի ձևավորող:

Լաուրա Հակոբյան

Comments


bottom of page